top of page

Սրտի ռիսկը մեգապոլիսներում. բացահայտվել է ազոտի երկօքսիդի դերը սրտի իշեմիկ հիվանդության զարգացման գործում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Dec 6, 2025
  • 2 min read

Օդի տարածված աղտոտիչների երկարատև ազդեցությունը կապված է սրտի իշեմիկ հիվանդության ավելի ծանր դեպքերի հետ, կանանց և տղամարդկանց միջև զգալի տարբերություններով, դա է  ցույց տվել Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության (Radiological Society of North America, RSNA) տարեկան համաժողովում ներկայացված 11 հազարից ավելի չափահասների մասնակցությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը։

Արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ քաղաքային վայրերում բնորոշ կարգավորիչ չափանիշներից ցածր կամ մոտ աղտոտվածության մակարդակը՝ հաճախ մինչև ախտանիշների ի հայտ գալը, առնչվում է սրտանոթային հիվանդության վաղ նշաններին։ Դա ընդգծում է օդի որակի բարելավման կարևորությունը՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար։

Օդի աղտոտվածությունը լուրջ համաշխարհային առողջապահական խնդիր է։ Ըստ Global Burden of Disease-ի տվյալների վրա հիմնված հետազոտության՝ օդի աղտոտվածությունը 2021 թվականին սրտանոթային հիվանդություններից մոտ 2,46 միլիոն մահվան պատճառ է դարձել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ օդի աղտոտվածությունը շրջակա միջավայրի առողջության համար ամենամեծ ռիսկերից մեկն է և կարևոր դեր է խաղում սրտի կաթվածների և ուղեղի կաթվածների առաջացման գործում։

Հետահայաց հետազոտության մեջ սրտի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) է օգտագործվել՝ գնահատելու համար քաղաքային օդի երկու տարածված աղտոտիչների՝ մանր մասնիկների (PM2.5) և ազոտի երկօքսիդի (NO2) երկարատև ազդեցության միջև կապը: PM2.5-ը արտանետվում է ավտոմեքենաներից, արդյունաբերական գործարաններից և անտառային հրդեհներից. մարդու մազի չափից մոտ 30 անգամ փոքր մասնիկներն իվիճակի են խոր թափանցել թոքերի և արյան մեջ: NO2-ը թունավոր գազ է, որն առաջանում է տրանսպորտային միջոցներում, էլեկտրակայաններում և արդյունաբերության մեջ բրածո վառելիքի այրման հետևանքով։

Ընդհանուր առմամբ, օդի աղտոտվածության ավելի բարձր երկարատև ազդեցությունը կապված էր սրտի իշեմիկ հիվանդության ավելի մեծ հավանականության հետ՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Կանանց օրգանիզմում մանր մասնիկների բարձր ազդեցությունը կապված էր կալցիումի ավելի բարձր միավորի և զարկերակների ավելի մեծ նեղացման հետ, մինչդեռ տղամարդկանց օրգանիզմում այն կապված էր կալցիումի ավելի բարձր միավորի և ընդհանուր վահանիկների (մաշկի, հյուսվածքների և անոթային պատերի մակերեսին առաջացող գոյացության -խմբ.) բեռի հետ: Ազոտի երկօքսիդի ազդեցությունը ևս կապված էր սրտի իշեմիկ հիվանդության հետ երկու սեռերի շրջանում։

Հետազոտողները վերլուծել են 2012-2023 թվականներին Տորոնտոյի երեք խոշոր հիվանդանոցներում սրտի համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտություն անցած չափահաս բուժառուների տվյալները: Սկանավորումից տասը տարի առաջ օդի աղտոտվածության միջին մակարդակը գնահատելու համար կիրառվել են բնակության վայրի փոստային ինդեքսներ: Հետազոտողները դիտարկել են սրտանոթային հիվանդության երեք չափանիշներ՝ կալցիումի միավորը, ընդհանուր վահանիկի բեռը և ստենոզը (արյունատար անոթների նեղացումը):

PM2.5-ի երկարատև ազդեցության յուրաքանչյուր 1 մկգ/մ³ աճը կապված էր սրտանոթային զարկերակների կալցիումի կուտակման 11% աճի, վահանիկի բեռի ավելացման հավանականության 13% աճի և ստենոզի հավանականության 23% աճի հետ:

«Սա գազային և մասնիկային օդի աղտոտիչների երկարատև ազդեցությունը կապում է սրտի համակարգչային շերտագրությամբ գնահատված սրտանոթային հիվանդության մի քանի մարկերների հետ»,- նշել է սրտաբան,  Տորոնտոյի համալսարանի և University Health Network-ի (UHN) պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Քեյթ Հաննեմանը:

«Սրտանոթային հիվանդությունը մնում է մահվան առաջատար պատճառը ամբողջ աշխարհում: Հետազոտության արդյունքները հաստատում են այն ապացույցները, որ օդի աղտոտվածությունը մոդիֆիկացվող ռիսկի գործոն է և ընդգծում են տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների պատճառները հետազոտելու անհրաժեշտությունը»:

 
 
1/3255
bottom of page