Ասվել է՝ գնում ենք հրապարակ, եղավ. Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել, որում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին
- 5 hours ago
- 1 min read

Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։ Այս մասին լսվում է ձայնագրությունում, որը հրապարակել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ասուլիսի ընթացքում։
Ad
Թաթոյանը նշեց, որ այստեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության նախընտրական քարոզարշավին։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին։ Նշենք, որ քարոզարշավի շրջանակում այսօր Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում է։
Ձայնագրության մեջ լսվում է. «Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։
Հասկանում եմ գյուղերից եկողներ ունենք, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարավորություն գալու, հատկապես քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ հանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարարում։ Այնպես չլինի, որ գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մեկ չկա իմ երկու խմբից։ Ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։
Հանձնարարված է նաև, որ մաքսիմալ շատ լինեք»։
Ուսանողներն ասում են՝ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Արմավիր։
«Ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվել է՝ գնում ենք հրապարակ, եղա՞վ։
Ժամը 5-ին հրապարակում։ Ինչքան դժվար ընկալեցիք այն, ինչ ասացի։ Ասացի մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ մի գրեք, իմ ու ձեր քննարկելիքը չէ»,- ասում է դասախոսն՝ ի պատասխան ուսանողների արձագանքների։




















