Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով․ Հայր Տիրան
- 16 minutes ago
- 2 min read

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փետրվարի 28-ից փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տեսուչ Տիրան վարդապետ Հակոբյանը։
«Ինչպես որ արդեն բոլորիս հայտնի է, փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ ձեռնարկեցին ռազմական գործողություններ Իրանի դեմ, և իշխանությունն անվտանգության նկատառումներից ելնելով հրահանգեց փակել հանրային նշանակության բոլոր վայրերը՝ այդ թվում սրբատեղիները։ Փակ են բոլոր սրբատեղիները՝ հրեական, քրիստոնեական և նաև մուսուլմանական։ Սուրբ Հարություն տաճարի ներսում մենք՝ հոգևորականներս, մեր ամենօրյա արարողությունները կատարում ենք, բայց քաղաքացիները չեն մասնակցում դրանց։ Արարողությունները չեղարկվել են իրաապահների և մեր համատեղ քննարկումների արյդունքում»,–ասաց Հայր Տիրանը։
Նրա խոսքով, տաճարի դռները փակվել են երեք եկեղեցիների՝ հայ առաքելական եկեղեցու, հույն ուղղափառ եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու սպասավորների համատեղ որոշմամբ։ Չեղարկված են բոլոր հանդիսավոր արարողությունները։
Հայր Տիրանի խոսքով, առաջին անգամն է, երբ նման խիստ սահմանափակումների անհրաժեշտություն է առաջացել, թեև նախկինում էլ՝ ռազմական գործողությունների ժամանակ որոշակի սահմանափակումներ գործել են։
«Իրականում, մենք էլ այդ պատասխանատվությունը չենք կարող մեզ վրա վերցնել։ Անշուշտ ցանկալի է, որ մեր ուխտավորները կամ մեր համայնքի անդամները գան մասնակցեն եկեղեցական արարողություններին, սակայն չենք կարող նման պատասխանատվություն մեզ վրա վերցնել։ Առաջին անգամն է, երբ Հին քաղաքում հրթիռների այսքան բեկորներ են ընկնում։ Նախօրեին օրինակ, տաճարից մոտ 100 մետր հեռավորության վրա էր բեկոր ընկել։ Սուրբ Հարության տաճարի գմբեթը մասամբ ապակյա է։ Պատկերացրեք՝ բեկորը կարող էր ընկնել, օրինակ, եկեղեցու վրա։ Եվ ինչ կլիներ, եթե այդտեղ քաղաքացիներ լինեին»,–նշեց նա։
Տիրան վարդապետ Հակոբյանը նշեց, որ իր տեղեկություններով, ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Գործողությունների առաջին օրերին եղել են հայեր, ովքեր ցանկացել են լքել երկիրը և իշխանությունների աջակցությամբ հնարավորություն են ստացել Եգիպտոսի տարածքով երկրից դուրս գալու։
Հայր Տիրանը նշեց, որ եկեղեցին, ինչպես միշտ, պատրաստ է ապաստան տրամադրել բոլոր այն հայերին, ովքեր կարող են տուժել ռազմական գործողությունների հետևանքով։




















