«Հանրային պահանջ կար», «ինչպե՞ս է համարվում անցել է հանրային քննարկման փուլ, երբ մարդիկ տեղյակ չեն եղել այս առաջարկից». ԱԺ-ում արտահերթ նիստ է
- 2 hours ago
- 2 min read

ԱԺ արտահերտ նիստի օրակարգում ընգրկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ են դրվել մի քանի օր առաջ։ Նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ըստ կարգավորումների՝ դրանք պետք է անցնեին հանրային քննարկման փուլ։
«Դրանք վերաբերում են քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունքին, պահանջում է նաև միջազգային լավագույն փորձի ներկայացում, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացում կոնկրետ նախագծերի վերաբերյալ»,- նշեց Մինասյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ ընթացակարգերը պահպանվել են։
Զեկուցող ներքին գործերիր նախարար Արփինե Սարգսյանն նշեց, որ նախագծերը պատգամավորական (ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյան, Արուսյակ Մանավազյան, Հասմիկ Հակոբյան, Արուսյակ Ջուլհակյան) նախաձեռնություն են։
«Պետք է վստահություն հայտնեմ, որ մեկ հանրային քննարկում եղել է նաև պատգամավորների ներգրամամբ։ Նաև գլխադասային հանձնաժողովում ենք ունեցել քննարկում։ Վստահ եմ՝ նախագծի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին»,- ասաց Սարգսյանը։
Մինասյանն արձագանքեց, որ ձևականությունը չի համարում էական՝ պատգամավորական նախաձեռնություն է, թե կառավարության։
«Կարևորը հանրային քննարկման փուլն է։ Ինչպե՞ս է համարվում՝ անցել է հանրային քննարկման փուլ, երբ որ բազմաթիվ ՀԿ-ներ, քաղաքացիները, մենք բոլորս տեղյակ չենք եղել այս առաջարկից։
Նաև՝ Վենետիկի հանձնաժողովից ինչպե՞ս պետք է կարծիք ստանանք»։
Ա. Սարգսյանը հակադարձեց՝ նշելով, որ նախագիծը բավական երկար ժամանակ հանրային տիրույթում բովանդակային առումով քննարկվում է։
«Այս հարցին անդրադառնալու և լուծման բերելու հանրային պահանջ կար։ Քարոզարշավից, ընտրություններից հետո պատգամավորները հանձնառու են եղել իրացելու հանրային պահանջը, որը, վստահորեն, գեներացված է եղել։ Ըստ այդմ, ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը դրված է քննարման։ Վստահ եմ, որ գործընկները դիտարկել են նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ընդ որում նաև Եվրոպական դատարանի նախադեային իրավունքը»,- ասաց ՆԳ նախարարը։
Ինչ փոփոխություններ են առաջարկվում այդ նախագծերով.
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած, հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ, իսկ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:»:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «լրացած» բառից հետո լրացնել «, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող» բառերը, իսկ «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով» բառերը»։




















