top of page

Հին թղթադրամներն այլևս չեք կարողանա օգտագործել․ մինչ ե՞րբ քաղաքացիները կարող են դրանք փոխել բանկերում

  • 17 minutes ago
  • 1 min read

2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության պատճառով դուրս կգան շրջանառությունից։ 

2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները, և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով), իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով) շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։

Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

Սակայն, թե մինչև երբ քաղաքացիները կկարողանան Կենտրոնական բանկ տանել հին թղթադրամները․ հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց Կենտրոնական բանկ։

«Եթե քաղաքացու մոտ, օրինակի համար, ցանկի որևէ թղթադրամ կա, այդ ցանկը մենք հրապարակել ենք, քաղաքացին կարող է մտնել ցանկացած բանկ կամ Կենտրոնական բանկ, և առանց որևէ սահմանափակման, փոխանակել նորով։ Օրինակ՝ 500 դրամ թղթադրամ կար, այժմ չկա, քանի որ դուրս եկավ շրջանառությունից։ Բնական պրոցեսով հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից։ Առանց որևէ խնդրի քաղաքացիները բերում են և փոխանակում են»,- MediaHub-ին հայտնեցին Կենտրոնական բանկից։

Մարիաննա Արամյան

 
 
1/3448
bottom of page