top of page

Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից. Ջուլհակյան

  • 8 hours ago
  • 1 min read

Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը:

«Այո, ես ծանոթ եմ այդ հաղորդագրությանը, դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք հայտարարություններ, որտեղ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում: Այստեղ ես չեմ ցանկանա, որ մենք պարտադիր տեսնենք դիտավորություն, գուցե դա պրոֆեսիոնալիզմի խնդիր է։ Բացի մարդու իրավունքների պաշտպանից այդ դեպքին արձագանքել է նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հայտնել է իր դիրքորոշումը և ես լիովին կիսում եմ այն:

Առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը, մենք գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիրը ունենք, կարծում եմ, որ դա ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մասնավոր ընկերությունների անելիքն է, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով տիրապետում են անձնական տվյալների: Մենք լրջագույն պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք, այս առումով անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարողությունների զարգացումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում»,- նշել է Ջուլհակյանը:

Ջուլհակյանը հայտնեց՝ առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխություններ ենթադրող նախագիծը կհաստատվի Կառավարության կողմից և կուղարկվի ԱԺ, որով անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կդառնա ինքնավար մարմին:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն օրեր առաջ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի բացահայտվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը: 

Իրավապահների խիստ անձնական մանրամասներով հրապարակումից հետո հաղորդագրությանն էր արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը և հայտարարել, որ «քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»:

 
 
1/3724
bottom of page