top of page

Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջի մասին

8 hours ago
5 min read
«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն առաջին ծավալուն հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն առաջին ծավալուն հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

Մասնագետը խոսել է իր խաղային ոճի, «Փյունիկ» տեղափոխության, նպատակների և երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մասին։

- Դմիտրի Իվանովիչ, բարի գալուստ «Փյունիկ»: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները:

- Տպավորությունները շատ հաճելի են: Ես SMS հաղորդագրություններ եմ ստանում ինձ շատ հարազատ մարդկանցից, ովքեր գրում են՝ «բարի վերադարձ»:

- Երբ Դուք առաջարկ ստացաք «Փյունիկից», ի՞նչն էր գլխավոր փաստարկը, որ Դուք համաձայնվեցիք:

- Գլխավոր փաստարկը հենց առաջարկն էր: Ես բնականաբար գիտեմ ու հասկանում եմ, թե ինչ է «Փյունիկը» Հայաստանի ու հայկական ֆուտբոլի համար: Այդ պատճառով ես շատ չմտածեցի ու ընդունեցի հրավերը: Եվ ահա ես այստեղ եմ:

- «Փյունիկն» այն ակումբն է, որտեղից միշտ արդյունք են սպասում: Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում ճնշմանը:

- Մեր մարզչական շտաբը, գալով ցանկացած թիմ, միշտ դնում է նույն նպատակը, ու այն միշտ մաքսիմալ է: Եվ այդ մաքսիմալ նպատակին հասնելու ճանապարհն իր մեջ միշտ ճնշում է պարունակում:

- Ձեզ համար ո՞րն է հաջող մրցաշրջանի գլխավոր ցուցանիշը՝ գավա՞թը, ֆուտբոլի որա՞կը, խաղացողների պրոգրե՞սը, թե՞ այս ամենի համադրությունը:

- Բավականին բարդ հարց է: Ես կարծում եմ, որ առանց պրոգրեսի և ֆուտբոլի որակի, գավաթը, հավանաբար, անիրատեսական է: Այդ իսկ պատճառով, գավաթները նվաճվում են և՛ ֆուտբոլի որակով, և՛, իհարկե, ֆուտբոլիստների զարգացմամբ, ինչին ուղղված է մեր ողջ մարզումային պրոցեսը ու արդյունքի հասնելու մեր ամբողջ գաղափարը:

- Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում, դարձել եք Հայաստանի չեմպիոն և գավաթակիր: Սա որևէ կերպ հեշտացնու՞մ է Ձեր ադապտացիայի շրջանը «Փյունիկում»:

- Ես կարծում եմ, որ ադապտացիայի շրջանը շատ ավելի հեշտ կլինի, քան առաջին տարում, երբ նոր էի եկել Հայաստան: Դա 2020 թվականն էր: Հայաստանում տևական աշխատանքը և ներքին գործընթացների հասկացողությունը, ինչպես նաև արդյունքի վրա ազդող արտաքին գործոնների ընկալումը, ինձ հասկանալի են: Եվ դա նույնպես հեշտացնում է «Փյունիկ» թիմում առանց դժվարությունների աշխատանքի անցնելը:

- Ինչպիսի՞ ֆուտբոլ եք ուզում տեսնել «Փյունիկից»:

- Ֆուտբոլ, որն ուղղված է առաջադրված նպատակներին հասնելուն: Որովհետև բոլորն ուզում են գեղեցիկ ֆուտբոլ, բոլորն ուզում են հարձակվողական ֆուտբոլ, բոլորն ուզում են շատ գոլեր: Բնականաբար, մենք էլ ենք դա ուզում: Բայց մեր հիմնական ուղերձը լինելու է խաղի բալանսը և հստակ պահանջներն ու խաղի սկզբունքները, որոնք, նորից եմ ասում, անհրաժեշտ են արդյունքի հասնելու համար:

- Դմիտրի Իվանովիչ, եթե մի կողմ թողնենք բոլոր տակտիկական սխեմաները, թվերն ու վիճակագրությունը, ի՞նչ է Ձեզ համար նշանակում «ճիշտ խաղալ ֆուտբոլ»:

- Ճիշտ խաղալ ֆուտբոլ… Ես Ձեզ ասեմ, որ նման հասկացություն գոյություն չունի: Այսինքն, չկա «ճիշտ ֆուտբոլ»: Կա ֆուտբոլ, և այն շատ տարբեր է: Այնտեղ խաղում են տարբեր ձևերով՝ տարբեր մայրցամաքներում: Այն նույնիսկ տարբեր կերպ են գնահատում մեկ մարզչական խմբում: Դրա համար էլ այն հետաքրքիր է ու բազմակողմանի, քանի որ այն տարբեր է: «Ճիշտ ֆուտբոլ» չկա: Մենք կգանք խաղից հետո ցանկացած հաշվով հաղթելու դեպքում և կասենք, որ այն ճիշտ էր:

- «Փյունիկը» որպես ակումբ, ընտրել է երիտասարդ հայ ֆուտբոլիստների զարգացման ուղին: Հայաստանի համար Դուք արդեն տվել եք մի քանի ֆուտբոլիստների, ովքեր և՛ իրենց ակումբներում, և՛ ազգային հավաքականում արդյունք են ապահովում: Ինչպիսի՞ն է Ձեր փիլիսոփայությունը հենց երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վերաբերյալ:

- Իմ մարզչական փորձը սկիզբ է առնում «Սպարտակի» ակադեմիայից, որն, իմ կարծիքով, լավագույն ակադեմիաներից մեկն է երկրում՝ Ռուսաստանում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այդ փորձն ինձ օգնում է հասկանալու, թե ինչ և ինչպես է անհրաժեշտ երիտասարդ ֆուտբոլիստներին այս կամ այն ժամանակահատվածում: Երբ նրանց պետք է բարոյական աջակցություն, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստները սխալվում են: Եվ մենք մեր աշխատանքում օգտագործում ենք ոչ միայն մտրակը, այլ հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ ավելի շատ օգտագործում ենք այսպես կոչված քաղցրաբլիթը, ինչը նրանց վստահություն է տալիս այն բանում, որ նրանք կարող են սխալվել, բայց սխալները կրկնելը հավանաբար վատ է, իսկ նույն սխալները կրկնելը՝ շատ վատ: Եվ այս փորձը, այս բանալիները, իմ կարծիքով, զարգացում են տալիս երիտասարդ խաղացողներին: Եվ այո, իսկապես ես տեսնում եմ, որ Հայաստանի ազգային հավաքականում խաղում են տղաներ, որոնց հետ մենք սկսել ենք աշխատանքը, զարգացել ենք միասին և գնացել ենք դեպի գավաթներ միասին:

- Դուք եկել եք «Փյունիկ» արդեն մրցաշրջանի ընթացքում: Որքանո՞վ է բարդ փոխել խաղային մոդելը, երբ մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ է:

- Մենք կտրուկ փոփոխությունների կողմնակից չենք: Չենք ուզում կտրուկ խառնվել թիմի խաղին: Մենք հասկանում ենք այն ռիսկերը, որոնք կարող է իր հետ բերել այլ սկզբունքների անցումը: Այդ իսկ պատճառով, մենք նախատեսում ենք մեր խաղն ու կանոնները, մեր խաղի սկզբունքները ներդնել աստիճանաբար, քիչ-քիչ, հավասարաչափ, և տեսնել, թե ինչպես է դա աշխատում: Մենք լավ ճանաչում ենք կազմի ավելի քան կեսին, ովքեր գտնվում են մեր տրամադրության տակ: Ոմանց հետ մենք արդեն աշխատել ենք և ոչ մեկ թիմում: Ոմանց ես ուղղակի գիտեմ Հայաստանի առաջնությունից: Դե իսկ ոմանց հետ էլ կծանոթանանք արդեն աշխատանքի ընթացքում, և հետագայում ամեն ինչ ցույց կտա ֆուտբոլային դաշտը:

- Այս մրցաշրջանում «Փյունիկը» դեռ շատ կարևոր հանդիպումներ ունի: Ի՞նչը պետք է դառնա թիմի հիմքը՝ այս հատվածը մաքսիմալ որակով անցնելու համար:

- Խաղային կարգապահություն և մոտիվացիա: Ես կարծում եմ, որ սրանք այն երկու հենասյուներն են, որոնց վրա պետք է հիմնվեն և հիմնվում են մեր խաղային սկզբունքները, և դա արդյունքի հասնելու հիմքն է: Մենք հասկանում ենք, թե ինչպես են բաշխված ուժերն այս մրցավազքում, հուսով եմ՝ հասկանում ենք, և ամեն օր աշխատելու ենք, որպեսզի ֆուտբոլիստները մեզ հասկանան: Եվ որ այս մոտիվացիան ու խաղային կարգապահությունը լինեն առաջին տեղում:

- Առաջիկա հանդիպումը ԲԿՄԱ-ի դեմ է: Թիմն արդեն պատրաստվու՞մ է այդ հանդիպմանը, առաջնության վերսկսմանը, չնայած նրան, որ մի քանի ֆուտբոլիստներ հիմա ազգային հավաքականի տրամադրության տակ են:

- Ես կարծում եմ, որ ցանկացած թիմ, հենց հնչում է նախորդ խաղի սուլիչը, սկսում է պատրաստվել հաջորդին: Եվ «Փյունիկը» բացառություն չէ: Մենք պատրաստվում ենք ԲԿՄԱ-ին:

- Եվ վերջին հարցը: Երեք բառով նկարագրեք այն ֆուտբոլը, որը Դուք ուզում եք տեսնել «Փյունիկում»:

- Լավ հարց է: Երեք բառով այն նկարագրելը շատ բարդ է: Մենք պատրաստում ենք… Մեր մարզչական շտաբը, որը բաղկացած է հինգ մարզիչներից, պատրաստում է մեր խաղի մոդելի շնորհանդեսը: Եվ այնտեղ այն հաստատ երեք բառով չեն նկարագրելու, հակառակ դեպքում ես նրանց բոլորին կհեռացնեմ աշխատանքից, եթե նրանք նկարագրեն խաղի մոդելը երեք բառով: Դա շատ բարդ գործընթաց է: Հուսալիություն պաշտպանությունում… թող դա լինի առաջին բառը՝ հուսալիություն: Երկրորդ բառը կլինի բալանսը: Իսկ երրորդ բառը կլինի համարձակությունը:

- Ի՞նչ կոչ ունեք «Փյունիկի» երկրպագուներին: Ի՞նչ պետք է նրանք սպասեն Դմիտրի Գունկոյից և թիմից:

- Ես ուզում եմ ասել, որ երկրպագուն գա մարզադաշտ, աջակցի թիմին հանդիպման յուրաքանչյուր րոպեին՝ առաջինից մինչև վերջին րոպեն, անկախ նրանից, թե ինչպես է դասավորվում խաղը: Իսկ իմ և թիմի անունից ես կասեմ, որ նրանք կմեռնեն դաշտում արդյունքի հասնելու համար:

Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։

2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո, Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։

2020 թվականի օգոստոսին մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։

2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։

Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։

2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։

Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին նա լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։


 
 
1/3817
bottom of page