top of page

Խցանումներից խուսափելու տարբերակ է դիտարկվում կենտ և զույգ համարանիշներով երթևեկությունը, որոշակի տուրքերի սահմանումը. Տիգրան Ավինյան

6 hours ago
1 min read

Խցանումներից խուսափելու տարբերակ է դիտարկվում  կենտ և զույգ համարանիշներով երթևեկությունը, որոշակի տուրքերի սահմանում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում արդեն իսկ գործում են փաստացի սահմանափակումներ, որոնք հատկապես զգալի են պիկ ժամերին՝ խցանումների, մեքենաների մեծ քանակի և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումների պատճառով։

Ավինյանի խոսքով՝ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հանրային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը՝ առանձնացված գծերի միջոցով, որպեսզի այն առավելություն ունենա մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Քաղաքապետը նաև նշել է, որ քննարկվում է ավտոմեքենաների արտանետումների նվազեցման և դրանց քանակի կարգավորման հարցը։ Մասնավորապես, նախատեսվում է քննարկել տարբեր վարչական շրջաններում բնապահպանական ստանդարտների՝ Euro 3, Euro 4 և հետագայում հնարավոր է նաև Euro 5 չափորոշիչների ներդրումը։

Նրա խոսքով՝ դիտարկվում են սահմանափակումների տարբեր տարբերակներ՝ կենտ և զույգ համարանիշներով երթևեկություն, որոշակի տուրքերի սահմանում և այլ մեխանիզմներ։ Դրանք կներկայացվեն հանրային քննարկման, և կընտրվեն այն լուծումները, որոնց շուրջ կլինի ընդհանուր համաձայնություն։

Անդրադառնալով վարորդների առաջարկներին՝ կայանատեղիների ավելացման և կարմիր գծերի հաշվին լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու վերաբերյալ՝ Ավինյանը նշել է, որ այդ առաջարկներն արդիական են։ Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ հատվածներում կայանատեղիները վերացվում կամ վերակազմակերպվում են՝ լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու նպատակով։ Որպես օրինակ՝ նա նշել է Նալբանդյան փողոցում իրականացված փոփոխությունները։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում են նոր կայանատեղիների կառուցման ծրագրեր, այդ թվում՝ Շահումյանի հրապարակում։

Միաժամանակ Ավինյանն ընդգծել է, որ միայն կայանատեղիների ավելացմամբ հնարավոր չէ լուծել խնդիրը, քանի որ քաղաքում ավտոմեքենաների քանակն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ անհրաժեշտ է ոչ թե շարունակել դրանց աճը, այլ աստիճանաբար նվազեցնել երթևեկությանը մասնակցող մեքենաների թիվը։


 
 
1/3909
bottom of page