top of page

Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

13 minutes ago
1 min read

Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ ներկայացնելով երկրում միգրացիոն իրավիճակն ու ոլորտի վերջին փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը։

Իրինա Դավթյանը ներկայացրել է միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Անդրադառնալով միգրացիոն հոսքերի վերահսկման Հայաստանի փորձին՝ նա խոսել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառման, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման միջոցառումների մասին։

Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։ Ստորագրվել են խորհրդի համապատասխան որոշումները։

 
 
1/3820
bottom of page