top of page

Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին

  • 6 hours ago
  • 1 min read

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայության ընթացքում Վարդաշեն 9-րդ փողոցում՝ քաղաքային կենտրոնական գերեզմանատան (ժողովրդին հայտնի՝ Թոխմախի գերեզմաններ) մոտ նկատել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, երբ մոտեցել են ավտոմեքենային, վարորդը դուրս է եկել և հայտնվել տագնապած վիճակում, ապա ձեռքերը դրել է գրպանին, և պարեկների հարցին՝ արդյո՞ք վարորդն իր մոտ օրենքով արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը պատասխանել է, որ իր մոտ կա դանակ։

Պարեկները զննության են ենթարկել ավտոմեքենան, որի ժամանակ ավտոմեքենայի նստատեղի վրա հայտնաբերել են թվով 2 կաթուցիչ՝ մեկը՝ դեղնականաչավուն զանգվածով, մյուսը՝ մոխրացած թղթի հետքերով։

Տեղում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, և այն վարորդի հետ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Գրիգորյանն է, ով, ըստ NewsPress.am կայքի տեղեկությունների, աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ որպես բաժնի պետ։

 
 
1/3384
bottom of page