Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- Armen Sukiasyan
- 10 hours ago
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և վիրավոր կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Լրատվամիջոցը գրում է․ «Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար դատապարտված է եղել և ոտքին «բրասլետ» է կրել, իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է»։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։