top of page

Կոնգոյի ԴՀ-ում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել

  • 2 hours ago
  • 1 min read

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հարսանեկան արարողության ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հաղորդում է Associated Press-ը։

Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի թիվը կարող է աճել, հայտնել է Լինգվալա շրջանի քաղաքապետ Նորբեր Մուշինգան։

Հրդեհը սկսվել է շաբաթ գիշերը այն շենքում, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան ընդունելությունը, և շարունակվել մինչև վաղ առավոտ։ Երբ հյուրերը փորձել են դուրս գալ այրվող տարածքից, նեղ միջանցքները մարդկանցով արգելափակված են եղել, ինչը բարդացրել է տարհանումը։

Տուժածներից ու զոհվածներից մի քանիսին դուրս են բերել փողոց, որտեղ ականատեսները փորձել են օգնություն ցուցաբերել ողջ մնացածներին։ Վիրավորներին տեղափոխել են Կինշասայի մի քանի հիվանդանոցներ։

Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ։ Կոնգոյի ԴՀ-ի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Ժակմեն Շաբանին, որն այցելել է դեպքի վայր, տեղի ունեցածը ողբերգություն է անվանել։

Մահվան ելքով հրդեհներ Կինշասայի խիտ բնակեցված շրջաններում հաճախ են տեղի ունենում։ Տեղական լրատվամիջոցները նման դեպքերի տարածումը կապում են խիտ կառուցապատման և անհրաժեշտ հակահրդեհային ենթակառուցվածքների պակասի հետ։ Հատկապես հաճախ հրդեհներ են տեղի ունենում քաղաքում չոր եղանակին։

 
 
1/3769
bottom of page