top of page

ԱԳՆ-ն ընդունել է, որ դիմում են պարզ մանիպուլյացիայի՝ փորձելով Արցախի իշխանություններին մեղադրել Արցախի կորստի մեջ․ «Փաստինֆո»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 2 min read

ՀՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ինքնուրույն միավոր, համարել է, որ գոյություն չունի ո՛չ թե ադրբեջանական ագրեսիայի ժամանակ բնակչությանը բնաջնջվելուց փրկելու համար Արցախի Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից հետո, այլ մինչ այդ։ Սա է վկայում  ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ստացված գրությունը։

Հիշեցնենք՝  ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ից, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հայտնել էին, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

Արդյոք սա վկայու՞մ է, որ  Լեռնային Ղարաբաղի՝ որպես միավորի գոյությունը ՀՀ ԱԳՆ-ն ընդունում էր, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարեցին, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս։ Ի վերջո, ե՞րբ ԼՂ-ն դադարեց գոյություն ունենալ ՀՀ-ի համար՝ Պրահայո՞ւմ, թե՞ ԼՂՀ-ն լուծարելու մասին հաղորդագրության տարածումից հետո։ Առավել ևս, երբ «Ազատությա»-ն հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ակնհայտ կեղծիք էր տարածել, քանի որ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագիր երբևէ չի հրապարակվել, այլ ընդամենը՝ հաղորդագրություն, որին հաջորդել է մեկ այլ հաղորդագրություն, որ իրավական ուժ ունեցող նման հրամանագիր գոյություն չունի։  

«Փաստինֆո»-ն գրավոր 5 հարց  է  ուղղել ՀՀ ԱԳՆ-ին դեռևս ապրիլի 21-ին՝ խնդրելով  հայտնել, թե՝  

-   ո՞ր պահից սկսած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարել գոյություն ունենալ։ 

-  2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, այդ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունե՞ր, թե՞ ոչ։ 

-  ԱԳՆ-ում առկա՞ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը վկայող որևէ փաստաթուղթ՝ օրենքով սահմանված կարգով հրապարակված։

-  Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ լուծարելու հրամանագիր գոյություն չունի, ուստի ինչո՞ւ ԱԳՆ-ն հիմք չի ընդունում այդ հայտարարությունը։ 

-  ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ ՀՀ-ն կարո՞ղ է  լուծարվել նախագահի հրամանագրով, ՀՀ Սահմանադրությունը նման ընթացակարգ նախատեսո՞ւմ է։

Այս հարցերին ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է  ըստ էության պատասխանել։ 

Նշված 5 հարցերին ի պատասխան ԱԳն-ից հանկարծ հիշել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1991 թ․ դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահից ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանների շրջանակում։ 

«Փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքներն արձանագրված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերում, այդ թվում՝  Մադրիդյան սկզբունքներում։ Նույն սկզբունքն արտահայտված է  նաև ավելի ուշ տարբեր ձևաչափերում կայացած հանդիպումների արդյունքներով արված հայտարարություններում, օրինակ՝ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարության մեջ, ինչպես նաև 2024 թ․ օգոստոսի 30-ին ստորագրված և համապատասխան ներպետական ընթացակարգերի իրականացումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի մինչև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում»։ 

Սա՝ այն դեպքում, երբ 2022 թ․ օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր․ «Ադրբեջանի նախագահը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը»։ 

Ահա Փաշինյանի հայտարարությունից մի հատված. «Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է»։ 

Այսպիսով՝ փաստացի ԱԳՆ-ն ընդունել է, որ դիմում են պարզ մանիպուլյացիայի՝ փորձելով Արցախի իշխանություններին մեղադրել Արցախի կորստի մեջ։ Պաշտոնապես ԱԳՆ-ն ընդունել է, որ Արցախի գոյությունը իրենց օրակարգից դուրս է եկել 2022 թվականի հոկտեմբերին, հետևապես,  Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, եղել են մանիպուլյացիա, նա ունեցել է որոշում՝ հանձնելու Արցախը, սակայն հնչեցրել է հակառակ հայտարարություններ՝ հանրությանը խաբելու և իշխանությունը պահելու համար։

1/2685
bottom of page