top of page

WIZZ AIR-ը տոնել է առաջին չվերթերը Երևանի նոր բազայում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 1
  • 1 min read
ree

«Wizz Air»-ը՝ EMEA տարածաշրջանի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համատեղ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնապես բացել է իր բազան:

«Զվարթնոց» օդանավակայանում բազայի պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիսից հետո ներկաները ժապավենի կտրմամբ դիմավորել են Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Միջոցառմանը ներկա էին «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն, ինչպես նաև՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Այսօրվանից «Wizz Air»-ի ավիապարկում կլինեն երկու ժամանակակից A321neo ինքնաթիռներ՝ թույլ տալով ավիաընկերությանն ուղևորներին առաջարկել ևս 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Պաֆոս, Փարիզ, Նեապոլ, Բարի, Բուխարեստ, Մեմինգեն։

Ավիաընկերությունը նաև կավելացնի դեպի Դորտմունդ թռիչքների հաճախականությունը՝ շաբաթը չորս անգամ։ Բացի այդ, սեպտեմբերի 30-ից ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում նաև Գյումրիի («Շիրակ» օդանավակայան) և Լառնակայի (Կիպրոսի Հանրապետություն) միջև։ Ընդհանուր առմամբ, այս տարի ավիաընկերությունը պլանավորում է Երևանից և դեպի Երևան փոխադրել 1․2 միլիոն ուղևոր։ Տոմսերի արժեքը մեկնարկում է 9000 ՀՀ դրամից, տոմսերը գնման համար հասանելի են պաշտոնական կայքում և բջջային հավելվածիմիջոցով։

«Ուրախ ենք տեսնել Երևանը «Wizz Air»-ի նոր բազաների ցանկում։ Հայաստանը մեծ նշանակություն է ստանում մեր ընդհանուր ցանցում և նպատակադրված ենք Հայաստանից և դեպի Հայաստան ճամփորդող ուղևորների համար ապահովել ճանապարհորդական ավելի հարմարավետ և շահավետ հնարավորություններ։ Ուրախ ենք նաև հայտարարել, որ Երևանում տեղակայված երկու ինքնաթիռներն այս տարի կիրականացնեն 16 ուղղությամբ թռիչքներ՝ դեպի 9 երկրներ՝ ուղևորներին ապահովելով Եվրոպայի հետ ուղիղ կապով։ Բազայի բացմամբ «Wizz Air»-ը Հայաստանում ստեղծում է նաև աշխատանքային հնարավորություններ և խթանում զբոսաշրջությունը և հարակից ոլորտները՝ ավելի քան 800 նոր աշխատատեղերի ստեղծմամբ»,-ասել է «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։

«Wizz Air»-ը Հայաստանում արդեն իսկ իր թիմում ընդգրկել է 50 նոր մասնագետների (օդաչուների և բորտուղեկցորդների), և պլանավորում է շարունակել անձնակազմի հավաքագրումը։


 
 
1/3192
bottom of page