top of page

Ինչ-որ տիկտոկեր Կարո արամուսցի ու մրգաշատցի փոքրիկների դիմաց պաղպաղակ է լցնում՝ նրանց կենդանու տեղ դնելով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 15 hours ago
  • 2 min read
ree

Մեր իրականությունում ինչ-որ տիկտոկեր կա՝ Կարո Այրումյան կամ karcomedy անունով։ Այս երիտասարդը տիկ-տոկում և ինստագրամում զբաղված է մանկական զավզակություններով, որը երեխաներին, չգիտես ինչու, դուր է գալիս, դրա հաշվին էլ տասնյակ հազարավոր հետևորդներ է հավաքել։ 

Այն, որ երեխաներին այսպիսի բաներն են դուր գալիս, դա երեխաների մեղքը չէ, այլ իրենց ծնողների, քանզի ծնողներ կան՝ արգելել են իրենց մանկահասակ երեխաներին այսպիսի դեգրադացնող կոնտենտի հետևել և նմանօրինակ հիմարությունների զոհը դառնալ։

Օրերս այդ տիկտոկերը՝ Կարոն, գնացել էր Արամուս և Մրգաշատ ու իր կոնտենտի համար պաղպաղակ էր բաժանում գյուղի երեխաներին։ Թվում է, թե նորմալ երևույթ է՝ մարդը իրեն իբր բարեգործի տեղ է դրել, ու որոշել է որպես «մեծ բարերար» պաղպաղակ հյուրասիրել արամուսցի փոքրիկներին։ Բայց հյուրասիրելուն էլ ձև կա․ կճեպից նոր դուրս եկած այս «մեկենասը» պաղպաղակը ոչ թե բաժանում, այլ մի բարձր տեղ կանգնած՝ արկվող լցնում է հավաքված բազմության վրա, փոքրիկներն էլ ուրախությամբ վրա են պրծնում, որ գետնին թափված պաղպաղակները վերցնեն։ 

Մեկնաբանությունների դաշտում ակտիվ քննարկվում է անհասկանալի արժեհամակարգով այս բլոգերի արարքը։ Մեկը գրել է, թե՝ «լավ էլ կերակրում ես շներիդ», մյուսը՝ «ես մեր հավերին տենց եմ կեր տալիս», երրորդը դիմել է այդ երեխաների ծնողներին, թե՝ «նորմա՞լ եք նայում այս ամենին» ու այսպես շարունակ։ 

Փաստորեն, Հայաստանում կարող է լինել իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում որևէ հավելյալ արժեք չստեղծած մեկը, որը մարդկանց կարող է դնել շան կամ հավի տեղ ու նրանց «կերակրել»՝ արկղով նրանց դիմաց պաղպաղակ լցնելով, որ երեխաներն էլ գետնից վերցնեն, դրանք ուտեն։ Իհարկե, այս ամենի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն այդ երեխաների ծնողները, որոնք թույլ են տվել քիչ է՝ հետևել այս արարածին, մի բան էլ գնալ նրա հրավիրած միջոցառմանը կամ հավաքին ու «Կորեայի որբերի» դեմքով սպասել, թե երբ է իրենց դիմաց պաղպաղակ շպրտելու, որ ուտեն, բայց նաև այլ մարմիններ պետք է զբաղվեն այսպիսի երևույթներով, որ ինչ-որ «կենդանիներ» մարդկանց կենդանու տեղ չդնեն։ 

bottom of page