Ով Սամվել Կարապետյանի հետ շփվում էր ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս նրա մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Նարեկ Կարապետյան
- 2 hours ago
- 1 min read

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
Էջմիածնում գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը խոսել է անցած տարվա հունիսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման մասին։
«8-9–ը ամիս առաջ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր տաճար։ Մայր տաճարում պատարագից հետո դուրս եկանք և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ։
Ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորի հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա»։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին, իշխանությունը կկարողանա ինչ-որ բանի հասնել, բայց մեկ բան հաշվի չէր առնվել՝ Սամվել Կարապետյան մարդու և առաջնորդի բնավորությունը:
«Ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում՝ ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս իր մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև գիտեր, որ կանգնեցնել է պետք այս ամենը»,–ասել է Նարեկ Կարապետյանը։




















