«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ՔՊ-ականների մրցակցությունը թեպետ թափ է հավաքում (երեկ Ալեն Սիմոնյանը վերահրապարակել էր Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի մասին քննադատական տեսանյութը), սակայն իշխանական թիմում կասկած չունեն, որ Տիգրան Ավինյանն է իրենց թեկնածուն:
Ոչ թե այն բանի համար, որ նա լավ քաղաքապետ է, այլ այն բանի, որ այս տարիներին այնպիսի կուռ համակարգ է ձեւավորել, որ ռիսկային է լինելու նրան այլ թեկնածուով փոխարինելը։ Արդեն 4 տարի է՝ համայնքային պետական ապարատն այնպես է իր հագով վերաձեւել, ամենուր իր կադրերին՝ մտերիմ, ընկեր-բարեկամներ նշանակել, որ նրանք եռանդով չեն աշխատի որեւէ այլ թեկնածուի համար, անգամ եթե վերեւից քաղաքական հրահանգ իջնի։
Այս ամենը քաջ գիտակցում է նաեւ Փաշինյանը, պարզապես նա, սովորության համաձայն, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն», թշնամանան, որ իր դեմ հանկարծ չհամախմբվեն, դավադրություն չհյուսեն երբեւէ:
Իսկ վերջին պահին կհայտարարի, թե ով է իրենց թեկնածուն: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, նա, հայտնվելով Երեւանի խցանումների մեջ, վրդովված տեսանյութ էր հրապարակել, թե Երեւանում A կետից C կետ հասնելու համար մարդուն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, տեղաշարժվելը դարձել է «ինֆարկտի բուն» եւ այլն։
Տիկինը դանդաղորեն ընտանեկան բռնությունից անցնում է այլ թեմաների:




















