Կորեայի ձոր տանող ճանապարհին տեղի է ունեցել փլnւզում

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ժողովրդին հայտնի Կորեայի ձորում։ Ժամը 17:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզից դեպի Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով փլուզում է սկսվել և հնարավոր է այն ավելի մեծ տարածք ընդգրկի։
Ելնելով վարորդների և հետիոտների անվտանգությունից՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ծառայություն են կատարում ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ փլուզումը շարունակվում է։




















