top of page

103 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է «ՉՈՐՍ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒՅԶ» ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  • 18 hours ago
  • 1 min read

103 տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:



«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը հայտնել է, որ անվանի վետերանը մահացել է երեկ։ Հոգեհանգիստը կկայանա վաղը։


Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։


Մարտերում նա երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին:


Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի պարգևների՝ «Կարմիր աստղ», «Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանությանը ակտիվ մասնակցության համար», «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն:



 
 
1/3355
bottom of page