Քուվեյթում հաղորդավարուհուն 3 տարվա բանտարկության են դատապարտել՝ սոցցանցերում Իրանին աջակցելու համար
- 1 hour ago
- 1 min read

Քուվեյթի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել պետական հեռուստատեսության հաղորդավարուհուն՝ սոցիալական ցանցերում Իրանին աջակցող հրապարակումներ անելու համար։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Դատարանի տվյալներով՝ խոսքը ծնունդով քուվեյթցի հաղորդավարուհի Զեյնաբ Դաշտիի մասին է։ Իշխանությունները նրա առցանց հրապարակումները որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող և Իրանին սատարող նյութեր։
Քուվեյթի վերաքննիչ դատարանը վերջերս ուժի մեջ է թողել նախկինում կայացված դատավճիռը՝ մերժելով բողոքարկումը։
Դաշտիի գործը վերջին ամիսներին երկրում մեդիա ոլորտի ամենաքննարկվող դատական գործընթացներից մեկն է դարձել և լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում։
Ժողովրդավարական ազատությունների ընդլայնման օգտին հանդես եկող իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստներն այս գործին ուշադրություն են դարձրել Քուվեյթում լրագրողների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ սահմանափակումների խստացման մասին լուրերի ֆոնին։




















