top of page

Արաղչին ԱՄՆ-ի՝ երկխոսություն սկսելու փորձը որակում է որպես «դրական քայլ»

17 hours ago
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին հայտնել է, որ Թեհրանն ուսումնասիրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ուղարկած նամակը՝ Վաշինգտոնի՝ երկխոսություն սկսելու փորձը որակելով որպես «դրական քայլ»։

Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ռազմական հրամանատարներին հրահանգել է ապահովել անհապաղ և արդյունավետ արձագանք ցանկացած սպառնալիքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։



«Միջնորդները ներկայացրել են առաջարկներ՝ կապված միջուկային թղթապանակի հետ, որոնք մենք ներկայում ուսումնասիրում ենք՝ որպես երկրորդ փուլի մաս»,- ասել է նա Al Jazeera-ին։

Արաղչին նաև հայտնել է, որ իրանական պատվիրակությունը մեկնել է Քաթար՝ միջնորդների հետ բանակցությունները շարունակելու նպատակով։

«Իմ օգնականը ներկայում Քաթարում է՝ խորհրդակցությունները շարունակելու համար։ Քաթարցի և պակիստանցի միջնորդները շարունակում են խորհրդակցությունները՝ կապված մեր պայմանների հետ»,-նշել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներ նախատեսված չեն։

«Այս առնչությամբ շրջանառվող տեղեկությունները պարզապես լրատվամիջոցների ենթադրություններ են։ Ներկա պահին մենք ամերիկացիների հետ հանդիպելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեր պայմանները հստակ են, և միջնորդները շարունակում են խորհրդակցությունները դրանց շուրջ»,-ասել է Արաղչին։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարելու վերաբերյալ որոշումը կախված է իրանական պայմանների կատարումից։


 
 
1/3875
bottom of page