top of page

Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են հոր՝ Խորխե Մեսսիի հուղարկավnրnւթյան մանրամասները

  • 8 minutes ago
  • 2 min read

Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Ինչպես հաղորդում է արգենտինական Infobae հրատարակությունը, 39-ամյա հարձակվողն ընտանիքի հետ անձնական ինքնաթիռով Ռոսարիոյի օդանավակայան է վայրէջք կատարել շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:45-ի սահմաններում: Հոր մահվան պատճառով արգենտինացի աստղը բաց է թողել Լիգաների գավաթում «Ինտեր Մայամիի» հանդիպումը մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։ Խորխե Մեսսին մահացել է ուրբաթ գիշերը Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Թեև հիվանդության հստակ ախտորոշումը չի հրապարակվում, հայտնի է, որ վերջին շրջանում նա մշտական բժշկական հսկողության տակ է եղել։

 

Էլ-Պրադո գերեզմանատանը կայանալիք հրաժեշտի արարողությունը կանցնի խիստ փակ, ընտանեկան ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն ամենամտերիմ հարազատները.

«Ամեն ինչ կանցնի փակ մթնոլորտում, որտեղ գլխավորը հարգանքն է Մեսսիների ընտանիքի նկատմամբ։ Ոչ մի ֆուտբոլային ֆունկցիոներ կամ ղեկավար Ռոսարիո չի մեկնի», — նշել է Ֆեյնմանը X սոցիալական ցանցի իր էջում։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես ցավակցել է Մեսսիների ընտանիքին։ Ի հիշատակ Խորխեի՝ արգենտինական ֆուտբոլի բոլոր դիվիզիոններում առաջիկա հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով, իսկ դրոշները խոնարհված կմնան մինչև օգոստոսի 14-ը։

Հոր առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել դեռևս 2026 թվականի աշխարհի առաջնության օրերին։ Խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից և իր ձևակերպած հեթ-տրիկից հետո, Մեսսին խոստովանել էր, որ առաջին գոլից հետո չի կարողացել զսպել արցունքները, քանի որ խաղին նախորդել էին հոգեբանորեն ծանր օրեր։ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Լիոնելն անմիջապես վերադարձել էր Ռոսարիո՝ ժամանակն ընտանիքի ու հոր կողքին անցկացնելու համար։

Խորխե Մեսսին ծնվել էր 1958 թվականին և երկար տարիներ աշխատել պողպատաձուլական գործարանում՝ նախքան որդու կարիերային ամբողջությամբ նվիրվելը։

Նա Լիոնելի համար ոչ միայն հայր էր, այլև նրա առաջին գործակալը, խորհրդատուն և փառահեղ կարիերայի գլխավոր ճարտարապետը։ Հենց նա էր նկատել 4-ամյա որդու տաղանդը, տարել նրան «Նյուելս Օլդ Բոյզի» ակադեմիա, իսկ ավելի ուշ անզիջում պայքար մղել աճի հորմոնի պակասի թանկարժեք բուժման համար՝ ի վերջո կազմակերպելով ընտանիքի պատմական տեղափոխությունը Բարսելոնա։ 

Իր ողջ կյանքի ընթացքում Խորխեն ստանձնել էր որդու կարիերայի կառավարումն ու ադմինիստրատիվ հարցերը՝ թույլ տալով ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրին կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա։

 
 
1/3720
bottom of page