top of page

Ատամների գույնի փոփոխություն. Պատճառներ, կանխարգելում և վերականգնման հնարավորություններ

59 minutes ago
3 min read

Ինչո՞ւ են ատամները ժամանակի ընթացքում փոխում իրենց բնական գույնը, և արդյո՞ք հնարավոր է կանխել այդ փոփոխությունները։ Ստոմատոլոգ Լուսինե Հարությունյանի հետ քննարկել ենք ատամների գույնի վրա ազդող հիմնական գործոնները, ճիշտ խնամքի կարևորությունը և ժպիտի բնական տեսքը վերականգնելու հնարավորությունները։

  1. Ատամների գույնի փոփոխությունը որքանո՞վ է տարածված, և որո՞նք են դրա հիմնական պատճառները։

Ատամների գույնի փոփոխությունը հաճախ հանդիպող էսթետիկ խնդիր է։ Դրա տարածվածության վերաբերյալ մեկ ընդհանուր թիվ նշել դժվար է, քանի որ արդյունքները կախված են տարիքից և գնահատման մեթոդից։ Հիմնական պատճառներն են սուրճի, թեյի և այլ գունավոր ըմպելիքների օգտագործումը, ծխելը, ատամնափառի ու ատամնաքարի կուտակումը, ինչպես նաև տարիքային փոփոխությունները։ Գույնը կարող են փոխել նաև որոշ դեղամիջոցներ, ֆլյուորոզը, կարիեսը և ատամի վնասվածքը։

  1. Ո՞ր դեպքերում է ատամների մգացումը կապված արտաքին գործոնների, իսկ երբ՝ հենց ատամի ներքին փոփոխությունների հետ։

Արտաքին գունափոխության դեպքում գունավոր նյութերը կուտակվում են էմալի մակերեսին։ Այն հաճախ առաջանում է սուրճի, թեյի, կարմիր գինու, ծխելու և ատամնափառի պատճառով, և սովորաբար հնարավոր է հեռացնել մասնագիտական մաքրման միջոցով։ Ներքին գունափոխությունը կապված է ատամի հյուսվածքների փոփոխության հետ։ Այն կարող է առաջանալ տարիքի, մանկական տարիքում որոշ հակաբիոտիկների՝ օրինակ տետրացիկլինների, ֆլյուորոզի, կարիեսի կամ վնասվածքի հետևանքով։ Եթե մեկ ատամը հանկարծակի մգանում է, հատկապես վնասվածքից հետո, անհրաժեշտ է դիմել ստոմատոլոգի՝ պուլպայի վիճակը գնահատելու համար։

  1. Սննդի, խմիչքների և ապրելակերպի ո՞ր գործոններն (թեյ, սուրճ, գունավոր ըմպելիքներ, վնասակար սովորություններ, բերանի խոռոչի ոչ բավարար խնամք և այլն) կարող են ազդել ատամների գույնի և արտաքին տեսքի վրա։ Ի՞նչ անել դրանցից խուսափելու կամ ազդեցությունը նվազեցնելու համար։

Սուրճը, սև թեյը, կարմիր գինին և մուգ գույնի որոշ ըմպելիքներ պարունակում են պիգմենտներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ներկել ատամների մակերեսը։ Ատամների գույնի և արտաքին տեսքի վրա կարող են ազդել նաև ծխելը և բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան․ ատամնափառի և գունավոր նստվածքների կուտակումը կարող է ատամներին հաղորդել դեղնավուն կամ շագանակագույն երանգ։

Ծխելը ատամների գունափոխության կարևոր գործոններից է։ Ծխախոտի այրման ժամանակ առաջացող ծխում առկա նյութերը, այդ թվում՝ խեժի բաղադրիչները, կարող են նստել ատամների մակերեսին՝ նպաստելով դրանց դեղնավուն կամ շագանակագույն գունավորմանը։ Միևնույն ժամանակ ծխելը կապված է ոչ միայն ատամների գունափոխության, այլև բերանի խոռոչի առողջության մի շարք խնդիրների հետ։

Առանց այրման այլընտրանքների դեպքում ծխախոտը չի այրվում, ինչի պատճառով սովորական ծխախոտի այրմանը բնորոշ ծուխ և խեժ չեն առաջանում։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ տաքացվող ծխախոտի օգտագործման հետ կապված ատամների գունափոխությունը կարող է ավելի քիչ արտահայտված լինել, քան սովորական սիգարետ ծխելու դեպքում։ Սակայն դա չի նշանակում, որ այդ արտադրանքներն անվտանգ են կամ անվնաս․ դրանց աերոզոլը պարունակում է նիկոտին և այլ նյութեր և նույնպես կարող է ազդեցություն ունենալ բերանի խոռոչի առողջության վրա։

Ատամների գունափոխության ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում՝

  • օրական երկու անգամ մաքրել ատամները ֆտոր պարունակող ատամի մածուկով և ամեն օր մաքրել միջատամնային տարածությունները,

  • սուրճից, թեյից կամ այլ գունավոր ըմպելիքներից հետո բերանը ողողել ջրով և սահմանափակել դրանց հաճախակի օգտագործումը,

  • չծխել և հնարավորության դեպքում ամբողջությամբ հրաժարվել ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքներից,

  • պարբերաբար այցելել ստոմատոլոգի՝ մասնագիտական զննման և անհրաժեշտության դեպքում ատամնափառի ու արտաքին գունավորումների հեռացման համար։

  • Եթե մարդը նկատում է ատամների գույնի փոփոխություն, ի՞նչ տարբերակներ կան այն վերականգնելու կամ բարելավելու համար։

Մասնագիտական մաքրում։ Օգնում է հեռացնել ատամնափառը, ատամնաքարը և մակերեսային բծերը՝ վերականգնելով ատամների բնական տեսքը։ Այն չի փոխում ատամի ներքին գույնը։

Սպիտակեցում։ Ստոմատոլոգի զննումից հետո կարելի է կիրառել մասնագիտական կամ բժշկի նշանակած տնային սպիտակեցում։ Հնարավոր կողմնակի ազդեցություններն են ժամանակավոր զգայունությունը և լնդերի գրգռումը։ Պլոմբները, պսակներն ու վինիրները չեն սպիտակեցվում այնպես, ինչպես բնական ատամները ։

Էսթետիկ վերականգնում։ Եթե ներքին գունափոխությունն արտահայտված է կամ սպիտակեցումն արդյունավետ չէ, ըստ ցուցումների կարող են կիրառվել կոմպոզիտային վերականգնումներ, վինիրներ կամ պսակներ։ Արմատախողովակային բուժում ստացած մգացած ատամի դեպքում որոշ իրավիճակներում հնարավոր է ներքին սպիտակեցում։ Բուժման ընտրությունը կախված է պատճառից և պետք է որոշվի ստոմատոլոգի հետ։ Եզրակացություն․ ատամների գույնը բարելավելու առաջին քայլը գունափոխության պատճառը պարզելն է։ Արտաքին բծերի դեպքում հաճախ բավարար է մասնագիտական մաքրումը, իսկ ներքին փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է անհատական մոտեցում։


 
 
1/3923
bottom of page