Բյուրեղավանում համաճարակային իրավիճակ է․ 30-ից ավել կանչ՝ մի քանի ժամում, 8 հոսպիտալացված կա. Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն
- 3 hours ago
- 1 min read

Բյուրեղավանում համաճարակային իրավիճակ է, 30-ից ավել կանչ՝ մի քանի ժամում, 8 հոսպիտալացված կա: Այս մասին հայտնել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։
«Երեկ երեկոյան ժամը 7-ից, 8-ից սկսվել են շտապօգնության բազմակի կանչեր, բոլոր հիվանդների գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն: Երեկ ունեցել ենք 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է: Ժամը 10-11-ի շրջանում, երբ արդեն կանչերի թիվը շատացել է, տվյալ իրավիճակի մասին հայտնել ենք հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն: Ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, կանչերը շարունակվել են, այժմ էլ շարունակվում են»,- նշել է նա:
Վարդումյանը շեշտել է՝ բոլոր հասցեները վերցվել են և ջրից ու հիվանդներից նմուշառումներ են արվել, սպասում են դրանց պատասխաններին:
Անդրադառնալով հիվանդների վիճակին՝ Վարդումյանը ասել է, որ հիվանդների վիճակը ոչ դրական դինամիկա ունի, արդեն մոտավորապես 8 հոգի հոսպիտալացրել են Աբովյան բժշկական կենտրոն:
«Հորդորել և տեղյակ ենք պահել բնակչությանը խնդրի մասին, խորհուրդ ենք տվել ջրից չօգտվել, կամ օգտվել եռացրած ջրից՝ մտածելով, որ միգուցե ինչ-որ խնդիր կա, որը կապված է ջրի հետ»:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ստուգումներ է անցկացնում, դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացության կգան, քանի դեռ համապատասխան անալիզների և ուսումնասիրությունների պատասխանները չկան:




















