20 տարի գրեթե գործում էր անօրեն պայմաններում. Տիգրան Հակոբյանը՝ «Շողակաթի» մասին
- Armen Sukiasyan

- 3 days ago
- 1 min read

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը չի փակվել, սակայն փոփոխության հեղինակներն էլ գիտեն, որ ինքն այդ որոշման հետ լիովին հաշտ չէ։
«Իմ կարծիքով կարելի էր այդ խնդիրը լուծելու ավելի արդյունավետ եղանակ գտնել, որպեսզի «Շողակաթը» շարունակի ծառայել հասարակությանը, քանի որ, ի վերջո, դա հասարակական հեռարձակողների ալիքներից մեկն է։ Սակայն այն թնջուկը, հնացած համակարգը, «մեջ գցած հիվանդությունը», որն ուղեկցում էր «Շողակաթի» աշխատանքներին, որևէ կերպ իրավականորեն ամրագրված չէր։ Գրեթե 20 տարի այն գործում էր անօրինական պայմաններում»,- հայտարարել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մոտ երկու տարի առաջ ՀՌՀ-ն նամակ է ուղարկել Հանրային հեռարձակողին՝ տեղեկացնելով, որ «Շողակաթը» չի կատարում օրենքով ստանձնած պարտավորությունները։
«Այն կրթական կամ մշակութային ուղղվածություն չուներ։ Կրթական հաղորդումներ գրեթե չկային, և հեռուստաալիքը հիմնականում հոգևոր հաղորդումներ էր սփռում։ Եթե խոսում ենք հանրության անունից և առաջնորդվում մշտադիտարկման արդյունքներով, ապա պետք է փաստենք՝ հանրությունն այդ ալիքը գրեթե չէր դիտում։ Այն առաքելությունը, որը պետք է իրականացներ «Շողակաթը», պարզապես չէր կատարվում։ Կրթական ալիքը չի կարող եթերում մշտապես հեռարձակել քարոզներ, որոնք հաճախ միջնադարյան կամ խավարամիտ մտածողություն են արտահայտում և չեն համապատասխանում կրթական բովանդակությանը։ Կարծում եմ, որ Հանրային հեռարձակողը պետք է ունենա կրթական և մշակութային նշանակության ալիք՝ առանց արտաքին միջամտության»,- ընդգծել է ՀՌՀ նախագահը։




















