«Ռոսատոմը» խզել է «Siemens»-ի հետ խոշոր պայմանագիրը
- 1 hour ago
- 1 min read

Ռուսական պետական «Ռոսատոմ» միջուկային կորպորացիան հայտարարել է գերմանական «Siemens Energy» ընկերության հետ կնքված պայմանագրի խզման մասին՝ հունգարական «Paks» ատոմակայանի (հայտնի է որպես «Paks-2») երկրորդ փուլի կառուցման համար բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտնել են Reuters-ը և Politico-ն։ «Ռոսատոմը» հավելել է, որ արդեն քննարկում է «Siemens»-ի սարքավորումները փոխարինելու տարբերակները։
Ռուսաստանի պետական կորպորացիայի տվյալներով՝ «Siemens Energy»-ի հետ կնքված պայմանագիրը՝ հունգարական ատոմակայանի երկու նոր էներգաբլոկների կառավարման էլեկտրոնիկայի մատակարարման վերաբերյալ, խզվել է 2025 թվականի վերջին, քանի որ գերմանական ընկերությունը, ենթադրաբար, չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
Մյուս կողմից, «Siemens Energy»-ն հայտարարել է, որ մատակարարումը հնարավոր է եղել պայմանագրի խզման պահին, սակայն պատվիրատուն հրաժարվել է։ Գերմանական ընկերությունն ընդգծել է, որ «կատարում է իր պայմանագրային պարտավորությունները՝ համաձայն ազգային և միջազգային իրավական նորմերի»։
«Siemens Energy»-ն, ֆրանսիական «Framatome» միջուկային ընկերության հետ համատեղ, 2019 և 2020 թվականներին պայմանագրեր է կնքել Ռոսատոմ-ի հետ՝ Paks II նախագծի համար կառավարման էլեկտրոնիկա մատակարարելու համար: Ռուսաստանը և Հունգարիան 2014 թվականին ստորագրել են Paks ատոմակայանում երկու նոր էներգաբլոկների՝ № 5 և 6 (Paks II) կառուցման փաստաթղթեր: Դրանց շահագործման հանձնումը նախատեսված է 2030-ականների սկզբին։
2025 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Վաշինգթոնը Ռոսատոմ-ին ազատել է Paks ատոմակայանում նոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ պատժամիջոցներից: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դա բացատրեց նրանով, որ կայանը «պետք է ավարտվի», որպեսզի Հունգարիան հասնի էներգետիկ անկախության։
Ռուսաստանի մասնակցությամբ Paks ատոմակայանի ընդլայնման դեմ պատժամիջոցները սահմանվել են 2024 թվականի նոյեմբերին՝ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից: Հունիսի 29-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փեթեր Սիյարտոն հայտարարեց, որ հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմը վերացրել է այդ սահմանափակումները:




















