top of page

Middle East Monitor. Պատերազմ, նավթ և իշխանություն. կարո՞ղ է իրանական հակամարտությունը սասանել նավթադոլարային կարգը

  • 41 minutes ago
  • 2 min read

Քանի դեռ պատերազմը տարածվում է Պարսից ծոցի ողջ տարածքով, նավթային շուկաներն արդեն զգում են առաջին ցնցումները:

Ավելի խորը ցնցումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ համաշխարհային ֆինանսական համակարգի հիմքերում, գրում է Middle East Monitor-ը:

Հոդվածում նշվում է, որ շուրջ հինգ տասնամյակ միջազգային արժութային կարգը հիմնվել է աննկատ, բայց չափազանց հզոր մեխանիզմի վրա. դա էներգակիրների համաշխարհային առևտրում ԱՄՆ դոլարի գերակայությունն է:

«Նավթադոլարային համակարգը, որը ձևավորվել է 1970-ականների աշխարհաքաղաքական ցնցումների հետևանքով, օգնել է ամերիկյան ֆինանսական տիրապետությունը դարձնել ժամանակակից համաշխարհային տնտեսության կենտրոնական հենասյունը»,- գրում է պրոֆեսոր Մազլի Մալիկը:

Սակայն, ըստ պրոֆեսորի, Իրանի մասնակցությամբ ձգձգվող հակամարտությունը կարող է անսպասելի ծանրաբեռնվածություն ստեղծել այդ համակարգի համար:

«Ոչ այն պատճառով, թե դոլարն ուր որ է կփլուզվի (դա այդպես չէ), այլ այն պատճառով, որ Պարսից ծոցում աշխարհաքաղաքական անկայունությունը կարող է արագացնել այն միտումները, որոնք արդեն իսկ փոխում են միջազգային արժութային լանդշաֆտը: Նավթադոլարային կարգն առաջացել է 1971 թվականին Բրետոն Վուդսի համակարգի փլուզումից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրին դոլարի փոխարկելիությունը ոսկու»,- նշվում է հոդվածում:

Հեղինակը հիշեցնում է, որ 1974 թվականին Վաշինգտոնն ու Սաուդյան Արաբիան սկզբունքային համաձայնության են եկել. սաուդյան նավթի արտահանման գները պետք է սահմանվեն բացառապես դոլարով, իսկ նավթի վաճառքից թագավորության հավելյալ եկամուտները պետք է փոխանցվեն ԱՄՆ ֆինանսական շուկաներ, մասնավորապես՝ գանձապետական արժեթղթերի մեջ:

«Շուտով նրանց օրինակին հետևեցին նավթ արտահանող մյուս երկրները: Այս համաձայնությունը ստեղծեց հզոր ֆինանսական հետադարձ կապ: Նավթը՝ աշխարհի ամենաանհրաժեշտ ապրանքը, կառուցվածքային առումով կապվեց դոլարի հետ: Էներգակիրներ ներկրող երկրներին անհրաժեշտ էին դոլարային պահուստներ՝ արժույթի նկատմամբ համաշխարհային մշտական պահանջարկն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, նավթ արտահանող պետությունները կուտակեցին դոլարի հսկայական ավելցուկներ, որոնք հետ հոսեցին դեպի ամերիկյան բանկեր և կապիտալի շուկաներ»,- գրում է պրոֆեսոր Մալիկը:

Հետևանքները, ըստ նրա, հեռահար էին:

«Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ այսօր դոլարին դեռևս բաժին է ընկնում համաշխարհային արժութային պահուստների շուրջ 58%-ը, մինչդեռ համաշխարհային նավթային գործարքների ճնշող մեծամասնությունը շարունակում է իրականացվել ամերիկյան արժույթով»,- ասված է հոդվածում:

Պրոֆեսորը հոդվածում մեջբերում է նաև տնտեսության պատմաբան Բարի Այխենգրինի տեսակետը, ըստ որի՝ դոլարի գերիշխանությունը հիմնված է ոչ միայն Ամերիկայի տնտեսական հզորության, այլև բարձր իրացվելիության և ԱՄՆ ֆինանսական շուկաների նկատմամբ ինստիտուցիոնալ վստահության վրա:

«Սակայն դրամավարկային համակարգերը հազվադեպ են գոյատևում միայնակ: Ինչպես պնդում էր քաղաքատնտեսագետ Ռոբերտ Գիլպինը, միջազգային տնտեսական կարգերն ի վերջո արտացոլում են իշխանության հիմնական կառուցվածքները: Արժույթի գերիշխանությունը, որպես կանոն, հաջորդում է աշխարհաքաղաքական առաջնորդությանը: Բրիտանական ֆունտ ստերլինգը համաշխարհային ֆինանսների հենասյունն էր Բրիտանական կայսրության ծաղկման շրջանում. դոլարն այդ դերը ստանձնեց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկան որպես աշխարհի գերիշխող տնտեսական և ռազմական տերություն:

Այսպիսով, նավթադոլարային համակարգը հենվում է երեք փոխկապակցված սյուների վրա. էներգակիրների կայուն արտադրություն Պարսից ծոցում, նավթի դոլարային առևտրի գերակայություն և անվտանգության ավելի լայն համակարգ, որին Միացյալ Նահանգներն աջակցում են ողջ տարածաշրջանում: Իրանի մասնակցությամբ խոշոր տարածաշրջանային պատերազմը սպառնում է այս երեքին էլ»,- ընդգծում է հոդվածի հեղինակը:

 
 
1/3406
bottom of page