Շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն էին. ըմբշամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն Լևիկ Միքայելյան

Պարգեւատրման արարողության ժամանակ շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին: Մերն ամենավերեւում էր, ինչն ամենակարեւորն է ինձ համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն Լեւիկ Միքայելյանը:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Լեւիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգի եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւին։ Մինչեւ եզրափակիչ, 22-ամյա ըմբիշը երեք հաղթանակ էր տարել գերմանացի Դարիո Դիտրիխի (10:0), իտալացի Սիմոնե Պիրոդուին (12:1) եւ ուկրաինացի Միկիտա Աբրամովի նկատմամբ (11:1)։
Նախորդ գիշեր Եվրոպայի Մ23 չեմպիոնը Հայաստանի թիմի հետ Տիրանայից վերադարձավ Երեւան:
Լեւիկ, շնորհավորում եմ Եվրոպայի Մ23 չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Քո առաջին չեմպիոնությունն է կարիերայում: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել հայրենիք:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, մեծ տպավորություններով եմ վերադարձել: 23 տարեկանների պայքարում իմ առաջին մեդալն էր: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երկու անգամ արծաթե մեդալակիր եմ դարձել: 2023 թ. ԵԱ եզրափակիչում մրցակիցս նույն ադրբեջանցին էր, որտեղ 0:2 հաշվով պարտվել էի: Այդ ժամանակ փորձի պակասն ինձ խանգարեց:
Այս առաջնությունում եզրափակիչում պարտավորվածությունս ավելի մեծ էր, որ ամեն ինչ պետք է անեմ նրան հաղթելու համար: Առաջին անգամ եմ չեմպիոն դառնում: Աննկարագրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով բացատել:
Հաղթանակդ սպասվա՞ծ էր: Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս չեմպիոն դառնալ:
Այս հաղթանակը շատ սպասված էր ինձ համար: Բոլոր գոտեմարտերին մինչեւ վերջ հավատալով դուրս եմ եկել մրցագորգ՝ միայն հաղթանակով ավարտելու նպատապով: Ինձ համար հավանական էր, որ եզրափակիչում կհանդիպեմ հենց ադրբեջանցուն: Մյուս խմբում էլ շատ ուժեղ ըմբիշներ կային, բայց սպասելի էր, որ նա կլինի մրցակիցս:
Ի՞նչ հույզեր ապրեցիր պարգեւատրման արարողության ժամանանակ:
Շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին: Մերն ամենավերեւում էր, ինչն ամենակարեւորն էր ինձ համար: Ուրախ եմ, որ կարողացա բարձունքում պահել մեր դրոշը:
Եզրափակիչում լարվածություն կա՞ր:
Գիտեի մրցակցիս, նրա գոտեմարտելու ոճը. հիմնականում փորձում է պասիվներով միավորներ վաստակել: 2023 թ. Եվրոպայի առաջնությունում պասիվներով ինձ հաղթեց: Այս անգամ փորձեցի մարտավարությունն այնպես տանել, որ գոտեմարտն ավելի շատ իմ օգտին լիներ: Եզրափակիչը մի փոքր լարված ստացվեց, ես էլ էի դժվարանում, քանի որ մրցակիցս փորձառու ըմբիշ էր: Փորձեցի տակտիկապես հաղթել:
Մինչեւ եզրափակիչ, երեք հաղթանակ ունեցար: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես, ո՞րը բարդ ստացվեց:
Կիսաեզրափակիչը, համեմատած, ավելի բարդ ստացվեց, որտեղ մրցում էի ուկրաինացի ըմբիշի հետ: Նա նույնպես բավականին փորձառու էր, Եվրոպայի չեմպիոն: Քառորդ եզրափակիչի մրցակիցս պատանիների Եվրոպայի չեմպիոնն էր: Տիրանայում երեք Եվրոպայի չեմպիոնի եմ հաղթել:
Քանի՞ տարեկանից ես զբաղվում ըմբշամարտով, որտե՞ղ ես արել առաջին քայլերդ:
Արդեն շուրջ 12 տարի զբաղվում եմ ըմբշամարտով: Վեդիից եմ, այնտեղ էլ սկսել եմ հաճախել ըմբշամարտի: 2015 թ. մեկ տարի հաճախեցի Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, 2016 թ. մինչեւ հիմա մարզվում եմ Արտաշատում: Մեր հավաքականն ինձ շատ է մոտիվացնում, մասնավորապես, Արման Անդրեասյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը: Նրանց տեսնելով, բոլորս ուզում ենք լավ արդյունքներ գրանցել, հաղթել: Այս հաղթանակում բոլորն իրենց ներդրումն ունեն՝ իմ ընկերները, հավաքականի, անձնական մարզիչները, մեր թիմը: Միայն ինձանով չի այս հաղթանակը:
Ո՞րն է լինելու հաջոդ քայլդ մեծ սպորտում: Ի՞նչ խնդիր ես դնելու քո առջեւ:
Ես գիտակցում եմ, որ ամենաբարդը չեմպիոնությունը պահելն է: Շատ դժվար է միշտ բարձունքում լինել: Դժվար է հասնել հաղթանակի, բայց եռակի աշխատանք է պահանջվելու այդ հաղթանակը պահելու համար: Պարտավորեցնող է այս հաղթանակը: Հաջորդը պետք է լինի աշխարհի առաջնությունում հաղթանակը: Պետք է կարողանամ հասնել դրան: