top of page

Տյառնընդառաջի տոնը՝ Մայր Աթոռում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 14, 2024
  • 1 min read

ree

 Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պատարագիչն է եղել Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանը։

Իր քարոզում Տեր Հայրը, մեկնելով տոնի խորհուրդը և անդրադառնալով քրիստոնյայի կյանքում Տիրոջն ընդառաջ գնալու կարևորությանը, ընդգծել է, որ մարդկանց փրկությունը և հենարանը նույն ինքը Քրիստոս է իր լուսավոր վարդապետությամբ։

Պատարագիչ քահանան հորդորել է հավատացյալներին անսասան  պահել հավատքի լույսն իրենց կյանքում և քայլել դեպի Տերն այն ճշմարիտ համոզումով, որ Քրիստոս միշտ օգնական և պահապան է իրեն հավատացողներին։

Սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, կատարվել է նորապսակների օրհնության կարգ։

Նույն օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցելով նորապսակներին, մաղթել է երջանկություն, լինեն միմյանց սիրող ու կարեկից։ Նորին Սրբությունը նաև հորդորել է վերջիններիս ապրել ավետարանական ոգով, որպեսզի աստվածային խաղաղությունն ու սերը մշտապես անպակաս լինեն իրենց նորակազմ ընտանիքներից:



1/3160
bottom of page