Քարոզարշավ անելու ժամանակ ունեն, արձանները մաքրելու ժամանակ չունեն
- 4 hours ago
- 1 min read

Վերնիսաժի հարակից այգում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը անմխիթար վիճակում է։ Արձանի զգալի մասը թռչուններն են աղտոտել։ Արձանի անմխիթար տեսքը խոսում է քաղաքի սանմաքրման ծառայությունների կողմից անուշադրության, անպատասխանատվության մասին։ Այգում զբոսնող քաղաքացիները նշում են, որ մաքրման և պահպանման աշխատանքներ վաղուց չեն իրականացվել։ Մինչդեռ հանրային վայրերում տեղադրված արձանների պատշաճ պահպանումը ոչ միայն մշակույթային ժառանգության պահպանման, այլ նաև քաղաքային բարեկեցության կարևոր գործառույթներից է։ Իսկ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային պայքարի կարևորագույն խորհրդանիշներից է և նրա հիշատակը հասարակության համար մեծ նշանակություն ունի հատկապես այս փուլում, երբ մեր սահմանները վտանգված են եւ գլխավոր վտանգը կախված է Սյունիքի գլխին, իսկ Սյունիքի պաշտպանությունը ասոցացվում է հերոս Նժդեհի հետ։
Երբ արձանը կեղտոտ է կամ վնասված, դա ցույց է տալիս հասարակության անտարբերությունը, քաղաքային իշխանությունների անգործությունը եւ անփութությունը սեփական հերոսների հիշատակի նկատմամբ։ Նժդեհի արձանը մարդաշատ վայրում է, այստեղ նաեւ շատ զբոսաշրջիկներն են լինում եւ մեր հերոսի արձանի տեսքը նրանց մոտ կարող է բացասական կարծիք առաջացնել մեր քաղաքի ու մեր ազգի մասին։ Մայրաքաղաքի հուշարձանների մաքրության եւ պատշաճ տեսքի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության դաշտում է։
Մենք զրուցեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ, նա նշեց, որ ծրագիր կա մայիսի 27-ին՝ Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ բոլոր արձանների մաքրման աշխատանքներ իրականացնել։ Նա նաեւ նշեց, որ պարբերաբար մաքրման աշխատանքներ կատարվում են և հուշարձանների պահպանությունը աչքաթող չի արվում։




















