top of page

Կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 3 min read
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվել է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը 2026 թ. կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թ. լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ։ Միաժամանակ, հետվճարի չափերի ավելացումը կնպաստի անկանխիկ գործառնությունների ծավալների ավելացմանը։ Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:

«Միայն 2025-ի հոկտեմբերի տվյալների համաձայն՝ հետևյալ պատկերն ունենք. ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 տոկոս է, այսինքն՝ մենք տեսնում ենք աճի տենդենց: Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 տոկոս: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 տոկոս, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 տոկոս: Խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով: Ըստ նախարարի՝ ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը և Կառավարության քաղաքականությունը միտված է այդ թվի աճի խթանմանը:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս իրականացվել է կենսաթոշակային քարտերով 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք և հետվճարի տեսքում տեսքով շահառուներին հետ է վերադարձվել 30 միլիարդ դրամ: «Միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13.5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 10,6 միլիարդ դրամ, այսինքն՝ աճն ակնհայտ է և մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը: Նաև հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ մեր այս 60000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում»,- ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ սա կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին: Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք դրանք պետք է կայացնենք այնպես, որ լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան: Այս մտածումները սկսել են այն ժամանակ, երբ 2019-ին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը: Բայց հետագայում պարզվեց, որ որոշումը բացարձակապես ոչ մի էֆեկտ չունի: Այնպես չէ, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձերը բարձրացրել են, առանձնապես գոհ են, ընդհակառակը՝ ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում և այլն: Դրա համար մենք ներդրեցինք կամավոր ատեստավորման համակարգը, և կարող ենք ասել, որ այն հաջողված է. այսօր ՀՀ-ում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա: Այն ճանապարհով, որ գնայինք, մենք երբեք այս ցուցանիշին չէինք հասնի»:

Անդրադառնալով կենսաթոշակներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակը գեներացվում է մարդկանց աշխատանքից, որը պետք է տեսանելի և ոչ ստվերային լինի և այս ճանապարհով թոշակառուներին տրվում է նաև ստվերի կրճատման հարցում դերակատարում ունենալու հնարավորություն:

Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն՝ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է: «Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում և դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:

Անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրման նախագիծն առաջիկայում կներկայացվի Կառավարություն

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրմանը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը արդեն շրջանառվել է: «Երևի 1-2 շաբաթ հետո՝ ամենաուշը, Կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք, որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք»,- ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի»:

Արձագանքելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ դեպքում կենսաթոշակառուների համար, հաշվի առնելով այսօրվա որոշումը, այն կդառնա 22 տոկոս:




1/3152
bottom of page