COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ

COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Կազմակերպությունում նշել են, որ միայն ախտանշանների հիման վրա անհնար է հստակ որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է հարուցել վարակը:
«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը»,-գործակալությանը ասել են ԱՀԿ-ից։
Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։
Ավելի վաղ ԱՀԿ-ի ռուսաստանյան գրասենյակից գործակալությանը հայտնել էին, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման ռիսկը մեծանում է:




















