top of page

Պահպանել Մեծ հաղթանակի ժառանգությունը. ինչ ծրագրեր է իրականացրել «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 2 min read

Այս տարվա փետրվար ամսից «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հաղթանակի 80-ամյակին նվիրված խոշորագույն միջոցառումների շարք է սկսել և իրականացրել, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի նախագծերի համակարգող Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ ամեն ինչ սկսվել է Գագիկ Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունից, երբ, կարևորելով Հաղթանակի 80-ամյակի խորհուրդը, Գագիկ Ծառուկյանը հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է ոչ միայն իրականացնել ծրագրեր, միջոցառումներ, այլև ուսումնասիրել տարբեր կազմակերպությունների, անհատների ներկայացրած ծրագրերը և ֆինանսավորել դրանք.«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարևորությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Հայաստանի համար ևս շատ կարևոր ու պատմական նշանակություն է ունեցել այս հաղթանակը։ Գաղտնիք չէ, որ շուրջ 600 հազար հայորդի է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, որոնցից 300 հազարը հերոսացել են և մարտի դաշտից չեն վերադարձել։ Տասնյակ գեներալներ, ծովակալներ, մարշալներ կերտել են այդ հաղթանակը և այսօր, վստահաբար, հետխորհրդային բոլոր պետությունների շարքում Հայաստանն առաջիններից մեկն է, որ կիսում է այդ հաղթանակի կարևորման պատասխանատվությունը»։

Տոնոյանը շեշտեց՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել.«Փետրվարին «Կենտրոն» հեռուստաալիքով հայերեն և ռուսերեն սկսվել է հեռարձակվել «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հեռուստահաղորդաշարը։ Այս ամիսների ընթացքում ստեղծագործական խումբը հարցազրույցների շարք է անցկացրել հաղթանակը կերտողների, վետերանների հետ։ Դա պատմական ժառանգություն է մնալու, քանի որ, ցավոք, վետերաններն օր օրի պակասում են։ Ֆիլմաշարը բազմաբովանդակ ու հետաքրքիր է։ Մեր հիմնական նպատակն էր՝ թույլ չտալ, որպեսզի պատմական իրողությունները խեղաթյուրվեն։ Ցավոք, այսօր որոշակի գործընթացների արդյունքում փորձ է արվում այս ու այն կերպ ստվերել հայ-ռուսական հարաբերությունները։ Ավելի քան վստահ եմ՝ դրանք ուղղորդված են»։

 Իվետա Տոնոյանը նաև ավելացրեց, որ խոշոր ծրագիր է իրականացվել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության հետ համատեղ․

«Մրցույթը կրում էր՝ «Հաղթանակն իմ արխիվներում» խորագիրը։ Ամիսների ընթացքում «Լավագույն չափածո», «Լավագույն արձակ վիդեոմոնտաժ» անվանակարգերում շուրջ 600 երիտասարդ ներկայացրել է այն ժառանգությունը, որը մնացել է տատիկ-պապիկից։ Դրանք ուսումնասիրվել են և լավագույնները ստացել են դրամական պարգևներ, հավաստագրեր, խրախուսական մրցանակներ»։

 Բանախոսը ևս մեկ անգամ շեշտեց՝ իրենց բոլոր ծրագրերի հիմքում մի նպատակ է՝ պահպանել հաղթանակի ժառանգությունը։

«Նաև շատ խորհրդանշական մի միջոցառում է կազմակերպվել՝ 1945 թվականի խաղողի բերքից շշալցվել է շատ սահմանափակ քանակով կոնյակ։ Այն բացառիկ է, որովհետև 1945 թվականի խաղողի բերքից է շշալցված, վաճառքի ենթակա չէ և նախատեսված է վետերանների ու ականավոր այն մարդկանց համար, ովքեր իրենց դերակատարումն ունեն ոչ միայն հաղթանակի կերտման գործում, այլև՝ այդ պատմական հիշողությունը վառ պահելու։

Վետերանների միության հետ համատեղ նաև բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։ Լեգենդար Մարշալ Բաղրամյանի թանգարան է բացվել ՀՀ-ում, որին մասնակցում էր նաև մարշալի թոռը»։

1/2679
bottom of page