Հարազատները «Նուբարաշենում» պահվող դատապարտյալներին ու կալանավորներին չեն կարողանում «տուլիկ» փոխանցել
- 3 minutes ago
- 1 min read

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանն իր փաստաբան Ռուբեն Մելիքյանի միջոցով ահազանգել է՝ հիմնարկում գտնվողները հանձնուքների ստանալու լուրջ խնդրի առաջ են կանգնած։
«Արտակը, իր բնավորության համաձայն, ուրիշների մասին մտածելով, ասաց՝ խնդրում եմ բարձրաձայնեք, որ Նուբարաշենում խնդիր ունենք։ Ընդ որում սա միայն Նուբարաշենի խնդիրը չէ, կազմակերպական խնդիր է։ Մարդիկ գալիս են օրերով հերթ են կանգնում, որպեսզի «տուլիկները» փոխանցեն իրենց հարազատներին։ Քանի որ ընդամենը մեկ պատուհան է, ինչքան էլ լավ աշխատեն, չեն հասցնում։ Մարդիկ ճաշ են եփում, գալիս են մեկ-երկու օր սպասում են, տարիքով մարդիկ են, պապիկներ, տատիկներ, արևի տակ սպասում են, մինչև իրենց հերթը հասնի»,-ասաց Մելիքյանը՝ ներկայացնելով Արտակ Ավետիսյանի դժգոհությունը։
Իրավապաշտպանի խոսքով, այս խնդիրը սուր է, քանի որ բանտերը լցված են, գերբնակեցված։
«Սա ավելի շատ արդարադատության նախարարության խնդիր է, պետք է աշխատի գոնե երկու պատուհան, որպեսզի հանձնեն։ Բանտերի գերբեռնվածությունը խայտառակ խնդիր է»,-ասաց Մելիքյանը։




















