top of page

Մել Գիբսոնի հայտարարությունների պատճառով հակամակաբուծային դեղամիջոցը սկսել են զանգվածաբար կիրառել քաղցկեղի բուժման համար

  • May 15
  • 2 min read

Հակամակաբուծային «Իվերմեկտին» դեղամիջոցի նշանակումները ավելի քան կրկնապատկվել են այն բանից հետո, երբ հայտնի դեմքերից մեկը հանրահայտ փոդքաստի ժամանակ այն հիշատակել է որպես քաղցկեղի բուժման միջոց։ Այս մասին վկայում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները։

Հետաքրքրության այս կտրուկ աճի պատճառ է դարձել 2025 թվականի հունվարի 9-ին Ջո Ռոգանի փոդքաստում դերասան Մել Գիբսոնի ելույթը։ Եթերի ընթացքում դերասանը պատմել էր իր երեք ծանոթների մասին, որոնք ունեցել են քաղցկեղի 4-րդ փուլ և, նրա պնդմամբ, ապաքինվել են «Իվերմեկտին» և «Ֆենբենդազոլ» ընդունելուց հետո։ Հարցազրույցի հատվածները մի քանի շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում հավաքել են տասնյակ միլիոնավոր դիտումներ։

Թեև «Իվերմեկտինը» և բենզիմիդազոլային խմբի դեղամիջոցները (ներառյալ՝ «Ֆենբենդազոլը») լաբորատոր հետազոտություններում և կենդանիների վրա կատարված փորձերում հակաուռուցքային ակտիվություն են ցուցաբերել, սակայն մարդկանց մոտ քաղցկեղի բուժման համար դրանց անվտանգության և արդյունավետության վերաբերյալ կլինիկական ապացույցներ դեռևս չկան։ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA) «Իվերմեկտինը» հաստատել է բացառապես մարդկանց մակաբուծային վարակների բուժման համար, իսկ «Ֆենբենդազոլը» թույլատրված է կիրառել միայն անասնաբուժության մեջ։

Դեղատոմսերի քանակի ամենամեծ աճը նկատվել է տղամարդկանց, սպիտակամորթ պացիենտների, ԱՄՆ հարավային նահանգների բնակիչների և ուռուցքային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները մտահոգել են գիտնականներին։ Նրանց կարծիքով՝ հայտնի մարդկանց նմանատիպ հայտարարությունները կարող են դրդել հիվանդներին դիմել չստուգված մեթոդների, ինչի հետևանքով նրանք կա՛մ կհրաժարվեն գիտականորեն հիմնավորված բուժումից, կա՛մ կհետաձգեն այն։

Հետազոտության առաջատար հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Ն. Մաֆին նշել է, որ մեկ փոդքաստից հետո դեղատոմսերի նման կտրուկ աճը լուրջ տագնապի առիթ է տալիս։

Գիտնականները համեմատել են «Իվերմեկտինի» և բենզիմիդազոլների համակցված նշանակումների քանակը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Դրա համար նրանք օգտագործել են TriNetX հետազոտական ցանցի ավելի քան 68 միլիոն պացիենտների անանունացված էլեկտրոնային բժշկական տվյալները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ փոդքաստի թողարկումից հետո այս դեղամիջոցների համակցված նշանակումների ընդհանուր թիվն ավելի քան կրկնապատկվել է։ Քաղցկեղով հիվանդների շրջանում այդ ցուցանիշն աճել է ավելի քան 2,5 անգամ, իսկ ԱՄՆ հարավային նահանգներում գրանցվել է եռակիից ավելի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հետազոտության առաջատար հեղինակ Միշել Ռոքվելը ընդգծել է, որ նման դեպքերը փաստում են, թե որքան արագ կարող է հավաստի չհամարվող տեղեկատվությունն ազդել մարդկանց բժշկական որոշումների վրա։

Աշխատության հեղինակները նաև նշում են, որ հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ. այն ուղղակի պատճառահետևանքային կապ չի ապացուցում, ընտրանքը կարող է չարտացոլել ԱՄՆ ողջ բնակչության պատկերը, իսկ վերլուծությունը վերաբերում է բժիշկների նշանակումներին և ոչ թե դեղամիջոցների փաստացի ընդունմանը։

Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է հետագայում ուսումնասիրել՝ արդյոք պացիենտները քաղցկեղի բուժման ապացուցված մեթոդները փոխարինում են նմանատիպ դեղամիջոցներով, արդյոք դա հանգեցնում է վիճակի վատթարացման, և թե ինչ միջոցներով է հնարավոր առավել արդյունավետ պայքարել բժշկական ապատեղեկատվության դեմ։

Հետազոտության համահեղինակ Քեթրին Կանը հավելել է, որ հանրայնացված ոչ բոլոր բժշկական տեղեկություններն են հավաստի, նույնիսկ եթե դրանք հնչում են հայտնի և ազդեցիկ մարդկանց կողմից։

 
 
bottom of page