Ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ. Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին

Ընդունելով երկրպագուների առաջարկը, հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:
«Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ, խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է, իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում, տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր և ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները։
Ղազարյանի համոզմամբ՝ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում է իրացնել, նշելով, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր։
«Առաջնահերթ ու նյութերը պետք է լինեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը և ազգային քաղաքականների մրցունակության բարձրացումը։
Միաժամանակ ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին նախորդող ամբողջ գործընթացը, ինչպես նաև բուն ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ պայմաններում, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար։ Ես պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին, ոլորտի մասնագետներին և բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս նախաձեռնությանը, անկախ նախկին տարաձայնություններից և տարբեր մոտեցումներից»,- նշել է Գևորգ Ղազարյանը:




















