Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը. Հայաստանը չի մասնակցում

Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի համատեղ նիստը:
Նիստից առաջ մասնակիցները դուրս են եկել ընդհանուր լուսանկարի համար, Հայաստանի ներկայացուցիչները նրանց թվում չեն եղել, Հայաստանի դրոշը մյուսների շարքում մնացել է առանց ներկայացուցիչների:
Նշենք, որ վաղը Մոսկվայում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Անցած շաբաթ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:
Սրան արձագանքելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»: Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից:




















