Կա՞ մարդ, որ հիմա կարող է հայտարարել, թե ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր. մենք կարող էինք դառնալ երկրորդ Գազան. Ալեն Սիմոնյան
- Armen Sukiasyan 
- 10 hours ago
- 1 min read

Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկելառաջարկությանը, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ընդդիմությունը դրոշակ է սարքել արցախցիների վերադարձի հարցը։
«Ուզում եմ հասկանալ՝ իրենք պատրա՞ստ են ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, լո՞ւրջ եք ասում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ արցախցիների վերադարձի հարցով ընդդիմադիրները մեծ-մեծ խոսում են միայն։
«Կա՞ մարդ, որ հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր, մեծ-մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ, բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, ինչ-որ մարդիկ կգնան ու կապրեն իրենց տներում, եթե այդ հնարավորությունը լինի։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ են ձեռք առնում, այսինքն՝ այսօր Ղարաբաղի բնակիչներ կա՞ն, որ ուզում են գնան ու ՀՀ իշխանությունն ասում է չէ, դե՞մ ենք»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողներն ԱԺ նախագահին հիշեցրեցին Գազայի օրինակը, նա էլ ասաց, թե շատ լավ օրինակ է, միջազգային հանրությունը հավաքվեց ու հիմա Գազայում ցեղասպանություն է։
«Մենք կարող էինք դառնալ երկրորդ Գազան, կդնեին, մեր տարածքը Գազայի կվերածեին»,- ընդգծեց նա։




















