«Փաստ». Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը
- 2 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 3-ը համարվում է Հեծանիվի համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ևս նախատեսվում էր հունիսի 3-ին անցկացնել տոնական հեծանվաշքերթ: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնակիցների համար անակնկալ՝ միջոցառման օրը փոխվել է և անցկացվելու է այսօր՝ հունիսի 6-ին:
Թե ինչու հենց այսօր, մեր աղբյուրները չեն կոնկրետացնում, սակայն նշում են, որ այս որոշումը տարակուսանքի տեղիք է տվել, և մասնակիցներից շատերը նշել են, որ հունիսի 6-ը ընտրություններից առաջ սահմանված «լռության օր» է, և այդ օրը տոնական հեծանվաշքերթ անցկացնելը կարող է քաղաքական երանգ ստանալ: Կազմակերպիչները, սակայն, վստահեցրել են, որ այս միջոցառման մեջ ոչ մի քաղաքական աստառ չկա: Այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, եղել է առաջարկ տոնական հեծանվաշքերթին մասնացել միանման շապիկներով, որը ևս լուրջ տարակարծությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ առաջարկվող սպիտակ շապիկներն ասոցացվում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ (անունը նշել նպատակահարմար չենք համարում՝ պայմանավորված «լռության օրվա» գործոնով): Ճիշտ է, առաջարկվող շապիկների վրա քաղաքական ուժի անվան կամ հերթական համարի որևէ նշում չկա, սակայն կան այդ ուժի հետ ասոցացվող սիմվոլ և լոզունգ: Թե վերջնական ինչ որոշում է կայացվել, երեկվա դրությամբ դեռևս հայտնի չէր. ամեն ինչ պարզ կդառնա այսօր երեկոյան անցկացվող միջոցառման ժամանակ:




















