Թբիլիսիի քաղաքապետի՝ խցանումների դեմ պայքարի մասին հայտարարությունը ոգևորել է Երևանի քաղաքային իշխանությանը. բայց, այդ ոգևորությունը, մեղմ ասած, անհիմն է. քաղաքական մեկնաբան

Թբիլիսիի քաղաքապետի՝ խցանումների դեմ պայքարում որոշ թաղամասեր մուտքը վճարովի սահմանելու հայտարարությունը ոգևորել է Երևանի քաղաքային իշխանությանը. բայց, այդ ոգևորությունը ,մեղմ ասած, անհիմն է, գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել, որ ըստ ամենայնի խցանումների դեմ պայքարի շրջանակում կկիրառեն որոշ թաղամասեր մուտքը վճարովի սահմանելու տարբերակ։
Սա Երեւանում է ոգեւորել քաղաքային իշխանության եւ ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների։ Բայց, այդ ոգեւորությունը մեղմ ասած անտեղի ու անհիմն է, մի քանի պատճառով։
Նախ, ի տարբերություն Երեւանի ներկայիս քաղաքապետի, Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել երեք անգամ, եւ ոչ թե ստանալով թբիլիսցիների ձայների մոտ 9–10 տոկոսը՝ ինչպես Երեւանի ներկայիս քաղաքապետը, այլ ստանալով 50 տոկոսից ավելին, իսկ վերջին ընտրությանը՝ 71 տոկոսը։ Կրկնեմ, Վրաստանում ուղիղ քվեարկությամբ են ընտրում քաղաքապետին։
Երկրորդ, Թբիլիսիում պաշտոնապես կա գրանցված մոտ 850 հազար ավտոմեքենա, այն դեպքում, երբ Երեւանում դրանց թիվը մոտ 400 հազար է։ Այսինքն, Թբիլիսիում կա երկու անգամ ավելի ավտոմեքենա։ Միաժամանակ, Թբիլիսիում գրեթե նույնքան ավելի են նաեւ նորակառույց ենթակառուցվածքները։ Միաժամանակ, Թբիլիսիով անցնում են անհամեմատ ավելի մեծ ծավալի տարանցիկ հոսքեր։
Երբ կատարվում են այդ ծավալի աշխատանքներ, բայց դրանք դարձյալ սկսում են չբավականացնել, ապա որոշակի հատվածներով երթեւեկությունը վճարովի դարձնելու հարցը ինչ որ իմաստով դառնում է քննարկման ենթակա։
Երեւանի պարագայում, նախ պետք է հասնել այդ «փուլին»՝ քաղաքի կառավարման աշխատանքով, նոր հետո միայն քննարկել այդպիսի հարցեր։ Առայժմ Երեւանը քաղաքային միջավայրի ապականման փուլում է»,- գրել է նա:




















