Հայաստանին շատ ավելի վտանգավոր վիճակի մեջ դրեցին ՀԱՊԿ-ում. Մանվել Սարգսյան

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանի հոդվածը, որում նա քննադատում է ԵՄ անդամակցության քաղաքականությունը, տարբեր մեկնաբանությունների է արժանացելլ։ Ոմանք դրանում իշխանության հետ համաձայնեցված խաղ են տեսնում, ոմանք էլ՝ նոր ընդդիմադիր դեմքի ձևավորում։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, կարևոր հարցն այն է՝ ինչո՞ւ հիմա։
Նոյեմբերի 11-ին MediaLab-ում հրապարակված հոդվածում Գրիգորյանը ԵՄ անդամակցության հեռանկարն անիրատեսական է որակել։ Նա զգուշացրել է, որ այդ ուղղությամբ արվող քայլերը ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-ից մինչև այս տարվա օգոստոս։
Փորձագետի կարծիքով՝ Գրիգորյանի դիրքորոշումն այնքան էլ չի տարբերվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից։
«Եթե լսենք վերջին ամիսներին Փաշինյանի հայտարարությունները, նա էլ է հաճախ ասում, որ մի քսան տարում գուցե ստացվի, կմտնենք Եվրամիություն կամ չենք մտնի, չմտնենք էլ, կարևորն այն է, որ մենք դառնանք այդ ստանդարտներին համապատասխան։ Չգիտեմ, գուցե այդ օրենքը, որ ընդունել ենք խորհրդարանով, ընդամենը դրա համար էր, որ ժողովրդի ճնշումը չուժեղանա, ռեֆերենդում չպահանջեն։ Այսինքն՝ այդպես չէ, որ մի կողմից հստակ ուղիղ ճանապարհ է վերցրած և ամեն գնով գնում ենք Եվրոպական միություն»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Գրիգորյանը կասկածի տակ է դրել այդ ուղղության ռացիոնալությունն ու իրագործելիությունը, բայց դրանով նոր բան չի ասել։
«Այն, ինչ նա շարադրել է, Հայաստանում բազմաթիվ քաղաքագետներ նույնպես ասել են՝ որ դա պրոբլեմներ է ստեղծում, որ Ռուսաստանն օգտվում է։ Ես հենց դրա մասին եմ խոսել եմ, որ այնտեղ ռեալ այլընտրանք չկա, քայլեր չկան Եվրամիության ուղղությամբ։ Ընդամենը խոսակցություններ են, և այդ օրենքն է, որը Ռուսաստանն օգտագործում է Հայաստանի դեմ։ Նրա հիմնական թեզն այն է, որ մենք ընկել ենք մի ճանապարհի, որտեղ ապագա չկա, բայց Ռուսաստանի համար պայմաններ ենք ստեղծել, որ Հայաստանին մեկուսացնի։ Նորություն չէ այդ թեզը», - ասաց նա։
Սարգսյանի համար ավելի էական է հոդվածի նպատակը. «Գուցե ուզում էր ևս մեկ անգամ զգուշացնել։ Կարող է՝ ավելի է համոզվել, որ իր տեսակետները ճիշտ են, ու ուզում է զգուշացնել այս իշխանություններին, որ այդ քաղաքականությունը ճիշտ չէ։ Դա երբեք էլ չես իմանա, դա միայն ինքը գիտի»։
Քաղաքագետը կարևորեց նաև այն, որ Գրիգորյանն այժմ աշխատում է միջազգային խորհրդատվական կառույցում։ Սեպտեմբերից նա Policy and Management Consulting Group (PMCG) ընկերության ավագ խորհրդականն է։ Սարգսյանի խոսքով՝ այդ կառույցները ճանաչողները պնդում են, որ այնտեղ հեշտ չէ սեփական կարծիք հայտնել այնպիսի ֆունդամենտալ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են նաև Միացյալ Նահանգներին։
«Նման բան նման կազմակերպության անդամը դժվար թե իրեն թույլ տար»,- կասկած հայտնեց նա։
Գրիգորյանի հոդվածից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե նրանից կարող են նոր քաղաքական ֆիգուր կերտել։ Դրա համար նաև հիմք են հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «պետականակենտրոն» նոր ընդդիմության անհրաժեշտության մասին։ Սարգսյանը չբացառեց, որ Գրիգորյանի այլընտրանքային կարծիքի շուրջ տեսականորեն ինչ-որ ուժ ձևավորվի։ Սակայն նրա խոսքով՝ այդ տեսակետը լայնորեն քննարկվում է, և գործող ընդդիմության մեջ էլ կան գործիչներ, որոնք նույնն են ասում։
«Չգիտեմ՝ որպես կոնցեպտ դա կարո՞ղ է այլընտրանք ընկալվել, թե՞ ոչ»,-տարակուսեց Սարգսյանը։
Այն վարկածը, թե վարչապետը Գրիգորյանի միջոցով կարող է փորձարկել արտաքին քաղաքական նահանջի փաստարկները, քաղաքագետը հավանական չի համարում։ Նրա դիտարկմամբ՝ նման մեկնաբանությունները բխում են քաղաքական գործիչների մասին մեր պատկերացումներից․ թե իշխանությունից դուրս եկածները ոչինչ հենց այնպես չեն անում, և եթե ինչ-որ քայլի են գնացել, ուրեմն պայմանավորվել են ու հետագա պլաններ են մշակում։ Սարգսյանը նկատեց, որ Գրիգորյանի հեռանալն ԱԽ քարտուղարի պաշտոնից զարմանալի էր․ «Սովորաբար իշխանությունները մի տեղից հանում, տանում են, ուրիշ տեղ դնում»։
Ռուսական ճնշման լծակների մասին Գրիգորյանի զգուշացումը Սարգսյանը պայմանավորեց ՀԱՊԿ անդամների վերջին որոշման հետ։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կազմակերպությունը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից՝ հիմք ընդունելով անդամավճարների չվճարումը։ Իշխանամետ շրջանակներում հնչում է, թե այդ ձայնն առանց այդ էլ արժեք չուներ։
«Կարծում եմ՝ հերթական միամիտ գնահատական է, շատ միամիտ, որովհետև երբ Հայաստանը ձայնի իրավունք ուներ, անգամ այս վիճակում, երբ սառեցրել էր իր մասնակցությունը, ազդեցություն ուներ որոշումների վրա։ Այդ ձայնի իրավունքը վետոյի կարգավիճակ ունի։ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում։ Այսինքն՝ Հայաստանը զրկվել է վետոյի իրավունքից, բայց մնացել է կազմակերպությունում։ Կարող են առանց քեզ որոշում ընդունել ու ասել՝ դու էլ ես անդամ, քեզ էլ է վերաբերում։ Ի՞նչ ես անելու»,-մանրամասնեց քաղաքագետը։
Որպես հնարավոր սցենար՝ նա բերեց Ադրբեջանի օրինակը․ «Ենթադրենք՝ Ալիևը տակտիկական նկատառումներով ուզում է մտնել ՀԱՊԿ։ Շատ հանգիստ որոշում են ընդունում, նա մտնում է ու արդեն սկսում այնտեղ որոշումներ ընդունել Հայաստանի վերաբերյալ»։
Սարգսյանի գնահատմամբ՝ Մոսկվան այս քայլը մտածված է արել. «Ռուսաստանը շատ հմուտ է աշխատում։ Կարող էին ասել՝ մենք ձեզ դուրս ենք հանում, բայց պատճառներ գտան, թե մեխանիզմ չկա դուրս հանելու, և Հայաստանին շատ ավելի վտանգավոր վիճակի մեջ դրեցին ՀԱՊԿ-ում։ Ռուսաստանն իր գործն անում է, իր լծակները պահպանում է ցանկացած երկրի մասով»։




















