Ամենաանկեղծ, իրեն բնորոշ, իրեն շատ հարիր. Հոգեբանը՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագծի մասին
- 17 hours ago
- 2 min read

«Ամենաանկեղծ, իրեն բնորոշ, իրեն շատ հարիր, իր ամբողջ էությունը բնութագրող պահվածք է»,-Panorama.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում, հատկապես նախօրեին դրսևորած պահվածքն այսպես բնութագրեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը հատուկ նպատակ է հետապնդում. «Ասել, որ միամիտ է ստացվում, ինքնաբուխ է, միամտություն կլինի։ Սա նպատակ հետապնդող պահվածք է։ Ինքը շատ վտանգավոր մարդ է բոլոր տեսակետներից»։
Հոգեբանը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը տարբեր տեսանկյուններից բացատրեց.
«Մի դեպքում ինքը հասկանում է, որ ինչքան ուզում է ինքն աթոռից կառչի, այդ աթոռի տակից հողը գնում է։ Եթե իր համար ժողովրդի կարծիքը, քվեն կարևոր չլիներ, համոզված լիներ՝ առանց ժողովրդի հետ աշխատելու, ժողովրդից ձայներ կորզելու, կվերընտրվեր, ինչու պետք է իրեն դներ այդ լարված վիճակների մեջ, այլ վայելքների մեջ կմնար՝ կուտեր խաշած կարտոֆիլ և այլն, այլն։
Հիմա ինքը բախվել է իրականության հետ և բախվում է ակնհայտ ձևով ամեն քայլափոխի ու հասկանում է՝ վերջը մոտենում է։
Մյուս կողմից դրան զուգահեռ ի՞նչ է անում. կարծիք հայտնող մարդկանց միանգամից պատժում է։ Քանի որ իր ձեռքին են համապատասխան կառույցները, տեսնում ենք, որ այդ մարդիկ ժամեր չանցած անազատության մեջ են։ Այսպես վախի մթնոլորտ է ուզում տարածել, քանի որ դա իրեն ձեռնտու է։
Երրորդ բաղադրիչը. ինքն ամեն ինչ իջեցնում է խայտառակ մակարդակի՝ սկսած խոսքից, պահվածքից, էթիկայի նորմեր ընդհանրապես գոյություն չունեն։ Նպատակներից մեկը հետևյալն է՝ իրեն ընդդիմադիրները, սկսած քաղաքական ընդդիմությունից մինչև փողոցում արժանապատիվ մարդիկ, որոնք կանգնում են իր դեմ ու հարցեր բարձրացնում, այդ մարդիկ նույնպես իջնեն իր մակարդակին, այդ նույն մակարդակի ռեակցիաներ տան, պատասխաններ, խոսքեր, որպեսզի այդպես ինքն ունենա այդ մարդկանց պատժելու հնարավորություն։ Սա էլ է նպատակ՝ իջեցնել քարոզարշավի քաղաքական կուլտուրայի մակարդակը»։
Ըստ հոգաբանի, այդպես նա խփում է մեկ այլ թիրախի էլ, ինչի համար եկել է՝ «խայտառակելու մեզ աշխարհի առաջ, նվաստացնելու մեր կերպարը»։
Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ խայտառակությունը խորանում է, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, վտանգներն օրեցօր մեծանում են։
«Պետք է զգույշ լինել։ Պետք է այս ամենից եզրակացնել, որ մեր քվեն շատ կարևոր է մեր երկրի ճակատագրի, հայրենիքի, մարդկանց համար։ Այս մի քանի օրն էլ դիմանանք ու մեր քվեով արտահայտենք մեր վերաբերմունքը»,- ասաց հոգեբանա Կարինե Նալչաջյանը։




















