«Ժողովուրդ». «Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնել
- 1 hour ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով այսօր մեղադրյալի կարգավիճակում հայտնված մի շարք նախկին պաշտոնյաների գործերն այդպես էլ դատարան չհասնեն։ Հնարավոր է՝ մեղադրյալները համաձայնեն վաղեմության ժամկետի կիրառմանը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
Նկատենք, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելը ոչ արդարացնող հիմք է. անձը համաձայնում է գործի դադարեցմանը, սակայն անմեղ չի ճանաչվում։
Հիշեցնենք՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին դատախազի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրեն ենթակա զինծառայողներին հրամայել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներ։
Իրավապահների վարկածով՝ առանց անհրաժեշտ կարգավորման և նախազգուշացման կիրառվել են նաև ժամկետանց ու ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Դրա հետևանքով ցույցի երեք մասնակից մահացել է, երկու անձ ստացել է ծանր, ևս մեկը՝ միջին ծանրության վնաս։
Սակայն գեներալ Գրիգորյանը չի ընդունում այս մեղադրանքները»։




















