«Ցավում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը մնում է փոխադարձ ատելության մեջ»․ Հայկ Խանումյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 2 min read

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի հայաթափումից հետո, երկու տարի շարունակ, ես փորձում էի գտնել կարող դեմքեր, որոնք ատելության ու հայհոյանքի դաշտից դուրս լուծումներ կառաջարկեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ, կունենան համապատասխան կամք այդ լուծումների շուրջ քաղաքական օրակարգ ձևակերպելու և մարդիկ մոբիլիզացնելու։ Ցավոք, ես ձախողեցի։ Մի քանի տասնյակ որակյալ մասնագետ, որոնց մի մասը նաև հանրային դեմքեր էին և տարբեր ոլորտների վերաբերյալ լուծումներ ունեին, իհարկե կան, սակայն որևէ կերպ չհաջողվեց քաղաքական կուռ թիմի ստեղծումը և գաղափարի շուրջ լայն զանգվածներ մոբիլիզացնելը։ Պատճառները տարբեր էին. այս որակյալ մասնագետներից շատերը բարձր աշխատավարձով աշխատում են միջազգային կազմակերպություններում կամ մասնավոր ոլորտում, մեծապես քաղաքականության հետ անհամատեղելի հաստիքներում և պատրաստ չէին իրենց բարեկեցությունը զոհել քաղաքական պայքարին։ Բիզնես աշխարհի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէր գնալ ռիսկային քայլերի և հաճախ ուղղակի փախչում էր քաղաքականություն բառը լսելուն պես։ Առանց ուժեղ 15-20 գործչի, առանց բազային ռեսուրսների անիմաստ է մտնել քաղաքական պայքարի մեջ։ Ես ինքս ինձ համար ժամկետ է սահմանել` Արցախի հայաթափման երկրորդ տարելիցը (պայմանական 2025թ. հոկտեմբերի սկիզբ), երբ դադարեցնում եմ հանրությանը նոր լուծումներ առաջարկելու շուրջ քաղաքականապես ակտիվ անձանց հետ աշխատանքը։ Ցավում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը մնում է փոխադարձ ատելության մեջ։ Եռացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային փոփոխությունների ժամանակ Հայաստանը մնում է տարբեր ոլորտներում թույլ կարողություններ ունեցող երկիր, և այդ կարողությունները գնալով ավելի են նվազում։ Կփորձենք քաղաքականության վրա ազդել քաղաքական հիմանական դերակատարներին մեզ հուզող ոլորտներում լուծումներ առաջարկելով (չնայած փորձը ցույց է տալիս, որ առաջարկներ ընդունելու կարողությունները ևս քիչ են, ինչպես միշտ բոլորն ամեն ինչ գիտեն, եթե նույնիսկ տապալում են կարևորագույն ծրագրեր), ինչպես նաև փոքր քայլերով կփորձենք ազդել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը` արհեստագործական կրթությունից մինչև քաղաքական բանավեճ։ Ես ընդունում եմ իմ պարտությունը և ցավում, որ չկարողացա ազդեցություն ունենալ քաղաքական դաշտում փոխադարձ ատելության ու հայհոյանքի մթնոլորտը լուծումների փնտրտուքի ու գաղափարների մրցակցության մթնոլորտ վերածելու գործընթացին»։




















