top of page

Viva-ն՝ բացառիկ գործընկեր․ «AmCham Armenia-ն COP17-ում. միավորելով բիզնեսները, խթանելով կայունությունը»

6 hours ago
2 min read

Viva-ն COP 17-ի շրջանակում իրականացվող «AmCham Armenia-ն COP 17-ում․ միավորելով բիզնեսը՝ հանուն կայուն զարգացման արագացման» եռօրյա միջոցառման բացառիկ գործընկերն է։


COP 17-ի շրջանակում մեկնարկած այս կարևորագույն նախաձեռնությունը համախմբում է պետական կառույցների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգում ներառելու ուղիները։


Միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն բնության տնտեսական արժեքը, բնության պահպանության և վերականգնման հետ համատեղելի տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ու փորձի փոխանակման խթանումը։

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ անդրադառնալով բիզնեսի բնապահպանական պատասխանատվության ու արդյունավետության փոխկապակցվածությանը։ Նա ընդգծել է, որ դրանք ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են միմյանց՝ ներկայացնելով Viva-ի՝ տարիների ընթացքում ձևավորված և գործնականում իր արդյունավետությունն ապացուցած փորձը։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն առնչվում է տնտեսության մրցունակությանը, կայուն զարգացմանը և սերունդների բարեկեցությանը։ Հայաստանի համար, որի բնական էկոհամակարգերը կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղական համայնքների զարգացման տեսանկյունից, այս փոխկապակցվածությունն առանձնահատուկ կարևորություն ունի։


«Մենք չպետք է ընտրենք տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանման միջև։ Մեր նպատակը պետք է լինի այնպիսի տնտեսության ձևավորումը, որտեղ դրանք փոխլրացնում են միմյանց։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փոխել բիզնեսի մտածողությունը։ Բնապահպանական ամենաուժեղ հանձնառությունն այն չէ, որը ընկերությունը պարտավոր է ստանձնել, այլ այն, որը նա գիտակցաբար ընտրում է՝ որպես իր արժեքային համակարգի մաս։ Մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակում ամրագրենք բնապահպանական պատասխանատվությունը մեր ընկերություններում։ Եվ որքան էլ հավաստագրերը կարևոր լինեն, դրանք պետք է արտացոլեն կորպորատիվ արժեքները, այլ ոչ թե փոխարինեն դրանց»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ավելի քան 28 միլիարդ դրամի սոցիալական ներդրում իրականացնելուց բացի՝ Viva-ն զգալի կապիտալ ներդրումներ է կատարել նաև բնապահպանական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բազային կայանների արևային էներգասնուցման համակարգերի ներդրման ուղղությամբ։

Արևային ֆոտովոլտային համակարգեր են ներդրվել 64 բազային կայանում` արտադրելով ավելի քան 2,7 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա և նվազեցնելով կախվածությունն ընդհանուր էլեկտրացանցից։ Արդյունքում ընկերությունը խնայել է ավելի քան 100 միլիոն դրամի գործառնական ծախսեր և ավելի քան 70 հազար լիտր դիզելային վառելիք։ Ածխաթթու գազի (CO₂) արտանետումները կրճատվել են շուրջ 972 տոննայով։ Համեմատության համար՝ մեկ տարվա ընթացքում նույն քանակությամբ ածխաթթու գազ կլանելու համար կպահանջվեր ավելի քան 97 հազար ծառ։


Viva-ն պատրաստակամ է կիսել իր փորձը շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ նպաստելով Հայաստանում բնապահպանական պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը և կենսաբազմազանության պահպանությանը։

COP 17-ի ողջ ընթացքում Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգործի Viva-ի տաղավարը, որտեղ ներկայացված են NB-IoT ցանցում աշխատող IoT սարքեր։ Ընկերությունը ներկայացնում է իրերի ինտերնետի (IoT) հնարավորությունները բնության պահպանության, ռեսուրսների պատասխանատու օգտագործման և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում։ Տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ IoT սարքերին, հարթակին և կապի հնարավորություններին, որոնք համատեղ թույլ են տալիս շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները դարձնել ժամանակին որոշումների կայացման հիմք։

Հողի վիճակի, ջրի սպառման և շրջակա միջավայրի պայմանների վերաբերյալ տվյալները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ գնահատել իրավիճակը, բացահայտել շեղումները և ձեռնարկել միջոցներ։

«Մենք սովոր ենք խոսել մարդկանց միջև կապի մասին։ Սակայն այսօր տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու նաև այն, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը՝ որտեղ են տեղի ունենում ջրի կորուստներ, ինչպես են փոխվում բույսերի աճի պայմանները, երբ է անհրաժեշտ միջամտել՝ հնարավոր վնասը կանխելու համար։ Սենսորներն ինքնին չեն պահպանում բնությունը։ Դա անում են մարդիկ։ Մեր խնդիրն է նրանց տրամադրել գործիքներ, որոնք օգնում են ավելի վաղ նկատել խնդիրները և ավելի ճշգրիտ որոշումներ կայացնել։ Հենց դրանում ենք մենք տեսնում իրերի ինտերնետի արժեքը բնության և կենսաբազմազանության պահպանության գործում»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենը։


 
 
1/3852
bottom of page