top of page

Իրանի նախագահը ՀՀ ՊՆ նախարարին հայտնել է, որ վճռական է կնքելու համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

  • 15 hours ago
  • 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է Թեհրանի վճռականությունը՝ ավարտին հասցնելու Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը՝ ընդգծելով երկու հարևան երկրների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը, հաղորդել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունից։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։

Իրանի նախագահն ընդգծել է նաև, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության խորացումը կծառայի երկու երկրների շահերին։

Նա նշել է տնտեսական, շինարարական և միջանցքային նախագծերի դրական առաջընթացը՝ շնորհակալություն հայտնելով Երևանին Հայաստանում գործող իրանական ընկերություններին աջակցության համար։

Նա վերահաստատել է նաև Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Թեհրանի հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և երկարատև անվտանգությանը, և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը։

Պապիկյանն, իր հերթին, հայ-իրանական հարաբերությունները բնութագրել է որպես ամուր, կայուն և ընդլայնվող։ Նա բարձր է գնահատել վերջին շրջանում երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցությունը և նշել, որ տնտեսական և տրանսպորտային կապերի աճը էլ ավելի է ամրապնդում երկկողմ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար։

 
 
1/3361
bottom of page