Հաշտ չենք այն բանի հետ, որ երկրի դատաիրավական համակարգերը գործեն մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումներով. Լևոն Քոչարյան
- 42 minutes ago
- 2 min read

«Այն, որ չորրորդ անգամ նախագահ Քոչարյանը գտնվում է կալանավայրում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրա նկատմամաբ իրականացվում է քաղաքական դասական հետապնդում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց՝ Հայաստանը գտնվում է աշխարհքաղաքական նոր բախման թատերաբեմում, դրա մասին վկայում են նաև անցած շաբաթ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հնչած հայտարարությունները, բացի այդ, տնտեսական իրավիճակը սրվելու է, հայ-ռուսական հարաբերությունները սրացման նոր փուլ են մտնում, այս ամենին էլ գումարվում է Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունումը, նոր տարածքների հնարավոր զիջումը։
«Դրա համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Քոչարյանը «Հայաստան» դաշինքով»,-ասաց Ա. Խամոյանը՝ ավելացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այս տրամաբանության շրջանակում է։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ հիմա Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ կայացրած որոշումների բողոքարկման փուլում են։
«Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որ քննելու են այս գործերը, առաջնորդվելու են օրենի տառով ու չեն կրկնելու իրենց նախորդների օրինակները, քանի որ մենք կայացված որոշումները գնահատում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր։ Ուստի հորդորում ենք իրավապահ ու դատական համակարգին առավել ուշադիր ու լուրջ մոտենալ հարցին, քանի որ նախորդ տարիների համեմատ մենք տեսնում ենք, որ նոր քրեական հետապնդումները դարձել են շատ ավելի կոպիտ օրենքի խախտման տեսանկյունից, իրավունքների տոտալ անտեսմամբ»,-ասաց Խուդոյանը։
ԱԺ պատգամավոր, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր Լևոն Քոչարյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս օրերին անտարբեր չեն, աջակցության հարյուրավոր նամակներ են ստանում։
«Շնորհակալ ենք մեզ մենակ չթողնելու համար։ Շատերը գիտեն ու տեսնում են այս գործի ոչ օրինական լինելը, մենք շատ ապացուցելու բան չունենք, որովհետև երկրի փաստացի ղեկավարը մեզ հետապնդումների մասին հայտարարում է հրապարակայնորեն, ասում է՝ ինքն է մեզ դատում, պետք է նստեք, հաջորդ օրը սկսկում են գործողությունները։ Այս մասով, մենք խնդիր չունենք ապացուցելու, որ այս ամենը հակաօրինական է, խնդիրն այն է, որ փորձում են սա նորմալ դարձնել։ Ժողովուրդ, սա նորմալ չէ, մենք հաշտ չենք սրա հետ։ Կլինի մեզ հետ կամ ուրիշի հետ, մենք հաշտ չենք, որ երկրի դատաիրավական, իրավապահ համակարգերը գործեն մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումներով, կատարեն նրա ապօրինի հրահանգները»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ ապօրինությունների համար պատասխան են տալու բոլորը, քանի որ խախտվում են բարոյական ու այլ կարմիր գծեր։




















