Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութեր չի կարելի տեղադրել, մասնավորապես, դպրոցներում, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Արգելվում է նաև պոկել, պատռել կամ վնասել քարոզչական պաստառները։




















