Եթե Փաշինյանը հաջողի իր քայլերում, եկեղեցին կվերածվի թաղապետարանի, ու այլևս կարևոր չի լինի, թե որտեղ կաղոթենք
- Armen Sukiasyan

- 1h
- 2 min read

Սխալ մոտեցում է Նիկոլ Փաշինյանին տգետ համարելն այն հայտարարության համար, որ եկեղեցիներում պատարագներից առաջ պետք է հնչի ՀՀ պետական օրհներգը, քանի որ ըստ նրա, Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրվել է 301 թվականին՝ պետության կողմից։ Առավել ևս ժամանակի զուր վատնում է նրան բացատրելը, որ Հայոց Եկեղեցին հիմնադրվել է Քրիստոսի աշակերտների՝ առաքյալներ Թադեոսի ու Բարդուղիմեոսի կողմից ու այդ պատճառով էլ կոչվում է Առաքելական, իսկ Տրդատ Գ-ն ոչ թե հիմնադրել, այլ ճանաչել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։
Նիկոլ Փաշինյանն այդ ամենը շատ լավ գիտի, սակայն երբ նրան անվանում են տգետ, դրանով ակամայից մեղմացվում է նրա հանցանքը մարդկանց ու մեղանչելն Աստծո առաջ։ Դե մարդը տգետ է, հո դիտմամբ չի՞ անում, կկրթվի, կբացատրեն ու կհասկանա իր սխալը, իսկ Աստված էլ կների նրան իր անգիտության համար։ Այնինչ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է մտածված ու հետևողականորեն՝ ունենալով հստակ նպատակ, ընդ որում նրա համար կարևորը նպատակին հասնելն է, իսկ թե այդ ընթացքում ինչպես կբնութագրեն իր գործողություններն ու հայտարարությունները, իրեն ամենևին չի հետաքրքրում։
Տվյալ պարագայում նրա նպատակը հետևյալն է՝ զրկել Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկությունից, հոգևորից, արժեզրկել մարդկանց աչքին, վերածել սովորական աշխարհիկ հիմնարկի, որտեղ մտնելով, մարդը այլևս չի ունենա որևէ ակնածանք, ինչպես չունի, երբ մտնում է օրինակ ՊԵԿ կամ արդարադատության նախարարություն։ Իսկ հոգևորականների խոսքն էլ այլևս որևէ մեկի մոտ չի ունենա անհրաժեշտ ազդեցություն, ու նրանք հոտի հոգևոր առաջնորդից կվերածվեն սովորական «թաղայինի»։ Բնականաբար հասնելով իր նպատակին՝ նա կկատարի իր առջև դրված հիմնական պահանջը, այն է՝ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս չի լինի ազգի պահպանման հենասյուն, չի կրի ազգային պատմական հիշողություն, չի մարմնավորի ազգային արժեքները, չի հետապնդի ազգային նպատակներ…մի խոսքով, կվերածվի ՀՀ կառավարությանն առընթեր ոչ պաշտոնական գերատեսչության։
Նիկոլ Փաշինյանին այլևս չեն հետաքրքրում նաև այն մեղադրանքները, որ նա գերազանցում է իր պաշտոնեական լիազորությունները։ Նա արդեն անթաքուց յուրովի մեկնաբանում է Աստվածաշունչը ու հարմարացնում իր գործողություններին և անթաքույց հրապարակում ճանապարհային քարտեզ՝ միտված «Հայ Առաքելական Եկեղեցու նորոգմանը»։
Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ փոխելու է Եկեղեցու կանոնագիրքը, Հայ Առաքելական Եկեղեցին բերելու է հարկային դաշտ, ու հոգևորականները դառնալու են գրանցված աշխատողներ, «նոր կաթողիկոսն էլ» ընտրվելու է կառավարությունում մշակված «եկեղեցու կանոնագրքի» համաձայն։ Եթե Նիկոլ Փաշինյանի գործողությունները պսակվեն հաջողությամբ, ապա նա լիովին կատարած կլինի արտաքին ուժերի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները, մեզ համար էլ այլևս ոչ մի նշանակություն չի ունենա, մոմ վառենք ու աղոթենք եկեղեցում, թե որևէ թաղապետարանում։
Կարեն Կարապետյան




















