Նիկոլը փափուկ բարձ է դրել տիրադավերի ու իր թափառախմբակի գլխի տակ, իսկ տիրադավերն ու թափառախմբակն էլ` Նիկոլի
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 2 min read

Ի՞նչ կատարվեց երեկ մի քանի ժամով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Սովորաբար ամեն օր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում, երեկոյան ժամը 17։00-ին ժամերգություն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում էլ երեկ ժամերգության ժամ էր, սովորական օրերից տարբեր։
Տարբեր էր, որովհետեւ ազգն Հայոց, մի ամբողջ հավատավոր ժողովուրդ բաժանվել էր երկու մասի՝ Փաշինյանի ու տիրադավ սրբազանների կողմնակիցների, որոնք ջանում էին ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին «հանգստի» ուղարկել, ինչպես որ հայտարարել էին 10 տիրադավ սրբազանները, որոնք ուրացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ուրացան Արցախը, զոհված տղաներին, գերության մեջ գտնվող հայերին, համաձայնեցին իրենց «գանձերը» պահել, քան միանալ ու պաշտպանել մի ամբողջ հավատավոր ժողովրդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ ազգային ու հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող, դարերով պահպանված քրիստոնեությունը, որպես պետական կրոն, իսկ մյուս կողմում՝ հավատավոր մի ողջ քրիստոնյա ժողովուրդ։
Մայր Աթոռի բակում տասնյակ հազարավոր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին հավաքվել միջին եւ բարձրաստիճան, քաղաքացիական հագուստներով ոստիկաններ, ու ամենաաղետալին՝ բաժանարար գիծ էին գծել ժողովրդի հավատավորների ու անհավատ ուրացողների միջեւ։
Իհարկե ցանկացած փորձ, որ մտքին դրել է Փաշինյանը, ձախողել է, եւ եթե չի էլ «ձախողել», այն կյանքի է կոչել ուժայինների միջոցով, որովհետեւ ո՛չ ինքն է բանի նման, ո՛չ իր շուրջ հավաքվածները, ո՛չ գործողությունները, ո՛չ պահանջները, որ ուղեկցվել են մշտապես սադրելու եւ աչքի ընկել խառնակչությամբ... Ինչ որ է, բայց ամոթն ու խայտառակությունը ո՛չ Փաշինյանի, ո՛չ նրա «շրջիկ թափառախմբակի» համար չէ՛, ո՛չ էլ այլեւ այն տիրադավ սրբազանների, որոնք այլեւս «օրհնություն» են ստանում ոչ թե՛ Վեհափառ Հայրապետից, այլ Փաշինյանից։
Բայց այս ամենից զատ ամենամեծ ձեռքբերումը, մեր ժողովրդի կյանքում եղավ այն, որ մարդիկ, ովքեր հեռացել էին Աստծուց եկեղեցուց, ո՛չ միայն մոտեցան, այլ նաեւ հասկացան, Փաշինյանի մտքին ի՞նչ կա, ուր է տանում մեր հավատավոր ժողովրդին, ի՞նչ է փորձում անել մեր հավատքի հետ, ու մեր երկիրը, շարունակաբար այցելեցին ամեն կիրակի Սուրբ պատարագների։
Նիկոլականությունը մի պահ պաղեց, երբ իմացավ, որ ժամերգությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը անձամբ է մասնակցելու եւ Հայրապետական խոսք ասելու. Իրենց թվում էր, իրենց փոքրաթիվ անհավատներով, անատվածներով, իրենց լպիրշ պահվածքն ու անթույլատրելի վանկարկումները հետ կպահեն Վեհափառին Վեհարանից քայլելով հասնել Մայր Տաճար, մասնակցել ժամերգությանն ու անմիջական օրհնություն փոխանցել իրեն սպասող մի ամբողջ հավատավոր ժողովուրդին, եւ Հայրապետական մաղթանք բերել հավատացյալներին, որն այս աղետալի օրերին ամենաշատը Վեհափառի խոսքին ու մաղթանքին է սպասում, ամենակարեւորը՝ օրհնությանը։
Հավատավոր ժողովուրդը ոչ միայն օրհնություն ստացավ Վեհափառից, այլ ամրապնդող ու գոտեպնդող խոսք։
Այս ամենը իհարկե նյարդայնացրեց անհավատներին, որոնց գլխի տակ Նիկոլը փափուկ բարձ էր դրել, նրանք էլ՝ Նիկոլի, բայց վերջնարդյունքը՝ քոռ ու փոշման հեռացավ Փաշինյանի կողմից ուղարկված զանգվածը, որին չհաջողվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրավել, ինչքան էլ բախումներ էին հրահրում, այնուամենայնիվ հավատքն ու սերն առ Աստված ավելին է զորեղ, քան «հավատքն առ Նիկոլ»։
Արձանագրենք, որ Փաշինյանը ձախողել է եկեղեցին քանդելու, ժողովրդին բաժանելու, ու ատելությունը օրակարգ բերելու գործում։
Հ. Գ. Ի տարբերություն գործող ռեժիմի մշտապես խառնակչություններ, ատելություն, թշնամանք, ամեն կերպով մարդկանց բախումների տանող, անհանդուրժողականության ու թշնամական խոսույթի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը՝ ի սրտե ու ի բարօրության հայ ժողովրդի, կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, մշտամնա սիրո, հանդուրժողականության, սիրո մթնոլորտի վրա:
Չեք հաջողելու, ինչքան էլ որ խարդավանքներ հյուսեք Վեհափառի դեմ, տիրադավե՛ր։
Նիկոլը փափուկ բարձ է դրել տիրադավերի ու իր թափառախմբակի գլխի տակ, իսկ տիրադավերն ու թափառախմբակն էլ՝ Նիկոլի։




















